Անուշ Արշակյանը քրոջ փոքրիկին նմանեցնում է քրոջն ու իրենց հայրիկին
LIFEArmtimes.com-ը գրում է.
Երգչուհի Անուշ Արշակյանը կարծում է, որ քրոջ՝ Ինգա Արշակյանի նորածին դուստրը նման է նրան ու իրենց հայրիկին: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ մարտի 1-ին լույս աշխարհ եկած փոքրիկ Մարիայի աչքերը հիշեցնում են Ինգային, իսկ այտերի փոսիկները՝ իրենց հայրիկին:
«Գարնան առաջին օրը քույրս՝ Ինգան, մեզ բոլորիս երջանկացրեց. ծնվեց նրա հրաշալի դուստրը։ Զգացողություններս տարբեր են: Մարիայի աչուկները քույրիկինս են, բայց հայրիկիս էլ եմ շատ նմանեցնում, հատկապես այտերի վրայի փոսիկներով: Այս հրաշալի փոքրիկն անսահման ուրախություն ու երջանկություն բերեց մեզ»,-ասաց նա։
Անուշ Արշակյանն անդրադարձավ նաեւ Իվետա Մուկուչյանին եւ այն երգին ու տեսահոլովակին, որով վերջինս ներկայանալու է Եվրատեսիլ 2016-ում: Անուշ Արշակյանը վստահ է, որ Իվետան պատվով կներկայացնի Հայաստանը երգի մրցույթում, եւ չի բացառվում նաեւ, որ կարողանա հաղթել: Նա նաեւ ընդգծեց, որ Իվետայի շնորհիվ՝ Հայաստանը նոր ոճով է ներկայանալու Եվրոպայում:
«Տեսել եմ Իվետա Մուկուչյանի տեսահոլովակը։ Շատ տպավորիչ է: Ւվետան բավականին վառ կերպար է եւ լավ վոկալիստ։ Իմիջի տեսանկյունից Հայաստանը նոր ձեւով ներկայացնելու փորձ է: Կարծում եմ՝ հաղթելու հավանականությունը մեծ է»,-ասաց նա:
Ինչպես հայտնի է, Իվետա Մուկուչյանը հանդես է գալու «LoveWave» երգով, որի տեսահոլովակը ներկայացրեց բոլորովին վերջերս:
Ավելի վաղ երգի ու տեսահոլովակի վերաբերյալ իր կարծիքն էր արտահայտել նաեւ Արամ MP3-ը: Նա նշել էր, որ տեսահոլովակն ու երգը համահունչ են, եւ որ աշխատանքը կարող է մեծ հաջողություն ունենալ Եվրոպայում, որովհետեւ ոչ ստանդարտ է, իսկ ոչ ստանդարտը մեր օրերում բարձր է գնահատվում:



