Դանակահարություն Գայ գյուղում
SOCIETYԱրմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ, 33-ամյա Աշոտ Բադալյանը դանակի 9 հարված է հասցրել իր մանկության ընկերոջը՝ Սամվելին: Այս մասին Բադալյանը խոստովանել է ոստկանության Վաղարշապատի բաժնում:
«Պատահական գնացի մեր գյուղ գարեջրատուն, նստեցի, տենամ ինքն եկավ հոր մեքենայով իրա քաձի հետ: Հելավ գնաց խնդալով, մի պահ ինձ թվաց՝ իմ վրա ա խնդում: Գնաց իրանց հողի կողմ: Ասեցի գնամ պատժեմ երկուսին էլ»,- ոստիկաններին պատմել է Աշոտ Բադալյանը:
Ըստ խոստովանական ցուցմունքի՝ Բադալյանը հետապնդել է ընկերոջը եւ նրա ընկերուհուն, գնացել է նրանց մեքենայի մոտ, տուժողը դուրս է եկել, կանգնել Աշոտի դիմաց, որը «ավտոմատ» կերպով դանակը հանել եւ հարվածել է, որից հետո չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել: Միայն հիշում է, որ սթափվելուց հետո Սամվելը խնդրել է չսպանել իրեն, երեխաներին խղճալ, որից հետո ինքը դանակը ձեռքից գցել եւ հեռացել է դեպքի վայրից:
Աշոտ Բադալյանի խոսքով՝ ինքը ընկերոջը սպանելու նպատակ չի ունեցել, պարզապես ցանկացել է պատժել եւ պատժի սխալ ձեւ է ընտրել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Աշոտ Բադալյանը կալանավորված է: Հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք դանակի մի մասը: Քննությունը շարունակվում է:



