Հյուրանոցային հսկան Երեւանում է. մայրաքաղաքում բացվեց «Հիլթոն» հյուրանոցը
SOCIETYԵրեւանի կենտրոնում` կրկեսի նախկին շենքի հարեւանությամբ, այսօր՝ հուլիսի 18-ին պաշտոնապես բացվեց «Հիլթոն» հյուրանոցների համաշխարհային ցանցի հյուրանոցը Հայաստանում՝ DoubleTree By Hilton-ը:
«Հայաստան մտավ երրորդ միջազգային բրենդը: Հյուրանոցն առանձնանում է իր արտաքին տեսքով, ավելի մոդեռն է, քան Երեւանի մյուս հյուրանոցները»,- լրագրողների հետ զրույցում ասաց հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մարկո Պալերմին:
«Ռենկո» ընկերությանը պատկանող, միջազգային դասակարգմամբ 4Տ (չորս աստղանի) հյուրանոցը 15 հարկից է բաղկացած: Հյուրանոցում 176 սենյակ կա, որոնք երեք կատեգորիաների են բաժանված՝ ստանդարտ, ջունիոր սյութ, դաբլ սյութ: Համարի գները տատանվում են 75 հազար դրամից մինչեւ 120 հազարը: Հյուրանոցում կա 2 բար, 1 ռեստորան, հանդիպումների 8 սենյակ, ֆիթնես եւ սպա կենտրոններ:
Հյուրանոցը կառուցվել է 14 ամսվա ընթացքում, այն զբաղեցնում է 16.000 ք.մ. մակերես, կառուցման համար ծախսվել է 35 մլն ԱՄՆ դոլար:
«Դաբլթի-բայ-Հիլթն»-ի բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:



