Վարդան Սարգսյանն իր պրոֆեսիոնալիզմով գերազանցեց շատ հաղորդավարների
LIFE
Blognews.am-ը գրում է.
Ամիսներ առաջ, երբ առաջին անգամ լսեցի, որ ATV հեռուստաալիքը նոր ճանապարհորդական հաղորդում է նկարահանելու, ու այն վարելու է 90-ականներից մեզ հայտնի երգիչ Վարդան Սարգսյանը, ճիշտն ասած լավ բան չմտածեցի, ու առաջին միտքը, որ մոտս առաջացավ, հետևյալն էր` «ի՞նչ է, մենք մասնագիտական կրթությամբ հաղորդավար չունենք, որ բոլոր հաղորդումները պետք է երգիչ-երչուհիները վարեն»: Եվ այս կարծրատիպային մոտեցմամբ, արդեն սպասում էի, որ սա լինելու է հերթական չստացված նախագիծը մեր եթերում: Չէ՞ որ ճանապարհորդական հաղորդում սկսելը շատ պատասխանատու էր այն առումով, որ արտասահմանյան հեռուստաալիքներում կան այս ֆորատի շատ հաջողված հաղորդումներ, ու մերը, եթե անգամ չգերազանցեր, գոնե պետք է ոչնչով չզիջեր դրանց:
Սա իհարկե մտածում էի նախքան այս հաղորդաշարից մեկ հաղորդում դիտելը, բայց այսօր արդեն վստահ կարող եմ ասել, որ սխալվում էի, ու շատ ուրախ եմ, որ ինձ հակառակը ապացուցեցին թե Վարդանը, թե հաղորդման նկարահանող խումբը:
Այս հաղորդման մեջ ամենաշատն ինձ ուրախացնում է Վարդան Սարգսյանը, նրա պրոֆեսիոնալ մոտեցումը հաղորդավարի աշխատանքին: Գովելի է այն, որ Վարդանը շատ լավ է ծանոթանում այն երկրի մշակույթին, ուր պետք է այցելի, ու երկիրը մեզ չի ներկայացնում այսպես ասած «շաբլոն» տեսանկյունից, այսինքն չի ցուցադրում միայն ամենահայտնի այցելելու վայրերը, շուկաներն ու խանութները: Հակառակը, նա մեզ ցուցադրում է այն , ինչը մենք այդ երկրի մասին չգիտենք, նոր ինֆորմացիա է տալիս, և շատ հաճախ փորձում է նկարահանել այն, ինչն արգելված է, չի վախենում մեզ ցույց տալ նաև տվյալ վայրի վատ կողմերը:
Շատ կարևոր է, որ տուրիստը որևէ երկիր այցելելուց առաջ ծանոթանա այդ երկրում կյանքի ոչ միայն լավ, այլև վատ կողմերին, որ պատրաստ լինի դեպքերի ցանկացած զարգացմանը: Վարդանը հենց այդ հարցում է մեզ օգնում: Նա շատ անմիջական է, խոսում է շատ մատչելի ու ոչ արհեստական բառերով հագեցած բառապաշարով: Այդ ամենի շնորհիվ մենք իմանում ենք, որ հյուրանոցի համարը կարող է նաև ոչ մաքուր լինել, որ շուկայում անպայման պետք է «գին գցել», որ գեղեցիկ ու աչք շոյող ճարտարապետական կառույցների կողքին, նույն քաղաքում կան նաև ետնախորշեր, որտեղ ապրում են մեզ նման մարդիկ:
Օրինակ Հնդկաստանի մասին շատ հաղորդումներ էի նայել, բայց «Տնից հեռու» հաղորդման Հնդկաստանում արված նկարահանումներից ամենաշատն եմ տպավորված: Եթե նայել եք, կհասկանաք ինչի մասին է խոսքը: Վարդանին հաջողվել էր նկարահանել ու մեզ ցույց տալ այդ երկրում հուղարկավորության արարողությունն իր ողջ արարողակարգով, ինչը մեզ երբեք չէին ցուցադրի մյուսները: (տեսանյութը ներքևում ներկայացրել եմ)
Դեռ հաղորդման առաջին թողարկման անոնսում Վարդանը մեզ խոստացել էր, որ ինքը կներթափանցի այնպիսի անկյուններ, որտեղ դեռ ոչ ոք չի եղել և կներկայացնեմ ծանոթ երկրների անծանոթ կողմերը: Նա պահեց իր խոստումը և չեմ վախենա օգտագործել այս բառը, փայլուն իրականացնում է իրա առաջ դրված նպատակները:
Հուսով եմ դեռ երկար կհաջողվի պահել այս բարձ նշաձողը:




















































