Դիպլոմը որակավորու՞մ, թե՞ օժիտ
SOCIETYՀամալսարաններում էլի սերնդափոխություն է:Օրեր առաջ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների բակերը լիքն էին. Փակցված էին ընդունելության արդյունքների երկար սպասված ցուցակները:
ԵՊՀ-ի բակում էր նաև Past.am-ը: Մենք զրուցեցինք ծնողներից մի քանիսի հետ: Պատկերն այնպիսին է, ինչպես ամեն տարի: Ընդունվածների միայն մի մասն է անցել այն ֆակուլտետ կամ բաժին, որը նշել էր առաջին հայտով և բնականաբար, կդառնա այն մասնագետը, որն իր սրտով է: Սակայն ուսանողների մի զգալի մասն էլ իր անունը փնտրում էր այլ ֆակուլտետների ցուցակում:
Ասենք, Արմինեի մայրը նշեց, որ իրենք առաջին հայտով նշել են տուրիզմի բաժին (սերվիս), սակայն բալերը չեն բավականացրել, և երեխան ընդունվել է մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժին:
Փաստորեն, մեր վաղվա մասնագետներից շատերը լինելու են նրանք, ովքեր առանց հետաքրքրության սովորել են մի որևէ համալսարանում` չունենալով սեր ու կամ որևէ կապ տվյալ մասնագիտության հետ, և ինչ եք կարծում, կկարողանա՞ նման իրավագետը լավ փաստաբան դառնալ: Գուցե, այո, բայց շատ ավելի հավանական է, որ՝ ոչ: Օրինակներն այսօր էլ կան:
Հայաստանի դպրոցներից շատերում այսօր դասավանդում են առարկայի հետ գրեթե կապ չունեցող ուսուցիչներ: Երևույթը տարածված է, իսկ խնդիրը այնքան ուսանողի կամ դիմորդի մեջ չէ, որքան համալսարանի կամ ծնողների:
Այսպես. ո՞րն է այսօրվա ամենամոդայիկ օժիտը, իհարկե, դիպլոմը: Իսկ ո՞րն է համալսարանի միակ եկամտի աղբյուրը, իհարկե, ուսանողը: Հենց այս համապատասխանությունն էլ գնալով քանդում է մեր երկրի մասնագետների որակական ցուցանիշը:
Արուսիկ Տիգրանյան



