Ընտրական նոր օրենսգիրքը կսահմանափակի լրագրողների աշխատանքը
POLITICSԿառավարությունն այսօր հաստատեց ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որով, պարզվում է, որ սահմանափակում է լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների աշխատանքը:
Բանն այն է, որ իշխանությունները որոշել են 2017 թվականի ընտրություններին ընտրատեղամասեր թողնել միայն սահմանափակ թվով ԶԼՄ-ների և դիտորդների։ Ընտրական նոր օրենսգրքի հոդված 65-ի 7-րդ կետի համաձայն՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ինչը, որպես այդպիսին, սահմանափակում է թե´ լրագրողների, թե´ դիտորդների աշխատանքը: Ահազանգ ստանալուց հետո տվյալ տեղամասում հայտնված լրագրողներին կարող են չթողնել մտել ընտրատարածք՝ հղում անելով, թե դիտորդների և լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն քանակը լրացել է:
Նման դեպքերի համար նոր օրենսգիրքը նաև հավելում է. «Եթե տեղամասում ներկա են առավելագույն թվով դիտորդներ և զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ապա նոր դիտորդները և զանգվածային լրատվության ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հերթագրվում են և մուտք գործում տեղամաս՝ հերթին համապատասխան: Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի կարճ ժամանակով թույլատրելու սահմանված թիվը գերազանցող դիտորդների և զանգվածային լրատվության ներկայացուցիչների ներկայություն, եթե դա չի խաթարի քվեարկության բնականոն ընթացքը»: Ստացվում է, որ լրագրողներին ներս թողնելը բացարձակապես կախված է տվյալ հանձնաժողովի նախագահի քմահաճույքից, ով կարող է թույլ չտալ ներս մտնել՝ հղում անելով օրենքով նախատեսված հանգամանքներին:
Այսպես, ահազանգի հետքերով եկած լրագրողը նախ՝ պետք է գրանցվի ներս մտելու համար, սպասի իր հերթին, իսկ եթե հանձնաժողովի նախագահը որոշի, որ տվյալ լրագրողը կարող է խաթարել քվեարկության բնականոն ընթացքը, ապա նրան մերժում տալը կլինի բացարձակապես օրինական: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ միտումնավոր կարող են գրանցել շատ թվով դիտորդների՝ զրկելով լրագրողներին տեղամասում գտնվելու իրավունքից, ապա ստացվում է, որ ընտրական նոր օրենսգիրքը միտումնավոր սահմանափակում է հանրության ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Իսկ ԶԼՄ-ների մասին օրենքի հոդված 4-ն ասում է.
«1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: 3. Արգելվում է`
2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.
3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Այսինքն՝ ստացվում է, որ ԸՕ նախագծում տեղ գտած հոդված 65-ով նախատեսված սահմանափակումը հակաօրինական է և խախտում է ԶԼՄ-ների մասին օրենքը:
Լիլիթ Լալայան



