Հայաստանն ու Վրաստանը խորացնում են առողջապահության ոլորտում համագործակցությունը
POLITICSՀայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները մարտի 2-ին կյացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել փորձի փոխանակման, փոխգործակցության սերտացման նպատակով հայ-վրացական համաժողովներ անցկացնելու նախաձեռնությանը:
Որպես այս տարի նախանշվող առաջին համաժողովի թեմա` ընտրվել է սրտային վիրաբուժությունն ու վնասվածքաբանությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն պատրաստակամություն են հայտնել հարևան պետությունների միջև առողջապահության ոլորտում արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հուլիսին աշխատանքային այց էր կատարել Վրաստան: Վրացական կողմը հայ գործընկերներին էր ներկայացրել իրենց երկրի առողջապահական փորձը:



