2016 թվականի փետրվարը բացառիկ էր եղանակային պայմանների տեսանկյունից
SOCIETY2016 թվականի փետրվարը բացառիկ էր եղանակային պայմանների տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այս տարվա փետրվարը եղանակակլիմայական պայմանների առումով բացառիկ էր այն տեսանկյունից, որ ամսվա 15-ից նկատվեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ից մինչև օրս կայուն բարձր մնաց: Ջերմաստիճանի լուրջ անկումներ չգրանցվեցին»,- նշեց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` փետրվարի երկրորդ կեսից բարձր ջերմային ֆոնը պահպանվում է մինչև օրս: «Նման բան լինում է շատ հազվադեպ, վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1966 թվականին: Վերջին 15 օրերի ընթացքում գրեթե ամեն օր օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից 8-10 աստիճանով բարձր է եղել: Ներկա պահին էլ բարձր ջերմաստիճանը պահպանվում է: Փետրվարի 29-ին Բագրատաշենում 21, Արարատյան դաշտում` 19-20 աստիճան է գրանցվել»,-նշեց նա:
Գագիկ Սուրենյանի խոսքով` վերջին 10 օրերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը գիշերը դրական է եղել: «10 օրվա ընթացքում դաշտում բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվել: Նույնպես բացառիկ է: Տեղումների քանակը փետրվարին եղել է նորմային մոտ»,-շեշտեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:



