Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը կբացվի 2016թ. հուլիսին
SOCIETYՌ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը կբացվի այս տարվա հուլիսին: Այս մասին Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Հայաստանում կբացվի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք: Շատ ժամանակակից բաժանմունք է: Մեր մասնագետները, բնականաբար, կսովորեն ժամանակակից մեթոդներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ տարվա ընթացքում կստեղծվի նաև ուռուցքաբանության գերազանցության կենտրոն:
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման և արտաքին ջերմամեկուսացման ու երեսպատման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 75%-ը: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն առավել ամբողական դարձնելու նպատակով ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:



