Ազնիվ չեք քաղբանտարկյալների նկատմամբ. Արամ Մանուկյանը՝ Արմեն Ռուստամյանին
POLITICSԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ազնիվ չէ, երբ հայտարարարում է, թե Հայաստանում իրենցից հետո քաղբանտարկյալներ չեն եղել և չկան: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը հավելեց, որ Ռուստամյանի հայտարարությունն անլուրջ և անհիմն է:
«Դա ազնիվ չէ այն քաղբանտարկյալների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ բանտարկված են եղել: «Մարտի 1»-ից հետո 145 քաղբանտարկյալ ենք ունեցել, որոնք այսօր շարունակում են պայքարել միջազգային ատյաններում: Քաղբանտարկյալներ այսօր էլ կան, իրենց նկատմամբ էլ ազնիվ չէ»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հիշելով Շանթ Հարությունյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, ինչու չէ նաև Վարդգես Գասպարիին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ չկան, վերջինն իրենց կուսակցության անդամներն են եղել, որոնք բանտարկվել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Արմեն Ռուստամյանը նկատի ունի «Դրո»-ի գործը, որով մինչև այժմ ցմահ ազատազրկում են կրում դատապարտյալներ Արմենակ Մնջոյանն ու Արսեն Արծրունին, ինչպես նաև «31»-ի գործը, որով ցմահ ազատազրկում է կրում դատապարտյալ Տիգրան Ավետիսյանը: Աս երկու գործերով դատապարտված ՀՅԴ-ականները՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, առանց արդարացման դատավճիռների ազատ արձակվեցին բանտերից, իսկ մնացած դաշնակցականները շարունակեցին կրել իրենց պատիժը:
Լիլիթ Լալայան



