Իշխանություններն օտարված են հասարակությունից. իրավաբան
POLITICSԱնցած կիրակի տեղի ունեցավ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդրանիկ համագումարը: Շատ վերլուծություններ եղան՝ կապված այն հարցի հետ, թե ինչի՞ն էր պետք նոր կուսակցության հիմնադրումը, և կարելի՞ է սա համարել ՕԵԿ-ի ռեբրենդինգ: Նկատենք, որ «ռեբրենդինգ» բառը մերժում են կուսակցության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ տասնյակից ավելի կազմակերպություններ միաձուլվել են նորաստեղծ կուսակցությանը:
Past.am-ը զրուցել է իրավաբան Տիգրան Սարգյանի հետ՝ փորձելով ճշտել, թե ի՞նչը կարող է հայտնի և հաջողակ փաստաբանին տանել դեպի «Հայկական վերածնունդ»: Մեր այս հարցին ի պատասխան` իրավագետն ասաց. «Լավատեսությունը, աշխատելու և պայքարելու ցանկությունը, ազգային մեծ ծրագրեր ու նպատակներ ունենալու հեռանկարը, հայ մարդու կյանքում փոփոխությունների հույսն ու հավատն է, որ իրեն ձգում է դեպի «Հայկական վերածնունդ»:
Ըստ Սարգսյանի` ինչպես անհատի, այնպես էլ ամբողջ հասարակության համար` որպես մեկ կենդանի օրգանիզմ, երջանկություն բերում են մեծ նպատակներն ու երազանքները: «Այսօր չկա ազգային երազանք, քանի որ իշխանություններն օտարված են հասարակությունից, չկա հասարակություն-իշխանություն երկխոսություն, իսկ նման պայմաններում զարգանում են հոռետեսական տրամադրություններ, ինչի արդյունքում հայ մարդը չի հավատում հայրենիքում հաջող գործ ձեռնարկելու հնարավորությանը, շարունակվում է արտագաղթը: Սարգսյանը նշեց, որ ինքը լավատես է, քանի որ տեսնում է այն հսկայական ռեսուրսները, որ ունի հայ ժողովուրդը: Իրավագետի խոսքով` հնարավորությունները տեսնելու համար անհրաժեշտ է ազգային հոգեվիճակի փոփոխություն, ինչն էլ կարող է ապահովել «Հայկական վերածնունդ» շարժումը:
Լևոն Փանոսյան



