Արսեն Գրիգորյանն՝ առաջիկա ծրագրերի և «Քարտ բլանշ» ֆիլմում նոր կերպարի մասին
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
«Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է, իսկ այսօր զրուցել ենք դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ, ով այդ ֆիլմում մարմնավորելու է ֆիլմի մտահղացման հեղինակ, դերասան Ժան Նշանյանի հերոսի որդու կերպարը:
««Քարտ բլանշ» ֆիլմում նկարահանվելու հրավերը ստացել եմ Նշանյաններից: Այստեղ խաղացել եմ Ժան Նշանյանի հերոսի որդու դերում եւ ինքս էլ արդեն սպասում եմ հեռուստատեսային ցուցադրությանը, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ստացվել արդյունքը,- պատմեց Արսեն Գրիգորյանն ու ավելացրեց,- չեմ կարող չնշել, որ նկարահանումներն անցել են բավականին հետաքրքիր ու պրոֆեսիոնալ պայմաններում, դրանից ելենելով էլ արդյունքի մասին խոսելիս կարելի է նախապես ենթադրություններ անել. Շատ հետաքրքիր ֆիլմ է սպասվում»:
Իր կերպարի մասին խոսելիս՝ Արսեն Գրիգորյանը նկատեց. «Իմ եւ Ժան Նշանյանի կերպարների միջոցով ցուցադրվելու են հայր եւ որդու, կամ այլ կերպ ասած սերունդների բեկումնային բախումը, սակայն կարեւորը վերջում այդ խնդիրները դառնում են լուծելի: Կերպարս ավելի շատ դրական է, քան բացասական, կամ գուցե դրանց մեջտեղում: Իմ հերոսը չի համաձայնվում հոր ընդունած որոշումների հետ, ունի իր կարծիքը՝ լի երիտասարդներին հատուկ էմոցիաներով: Պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ համար մեծ հաճույք ու պատիվ էր խաղալ Ժան Նշանյանի հետ, նրանից հասցրեցի շատ բան սովորել»:
Չհաշված կարճամետրաժ ֆիլմերը՝ այս ֆիլմում հեռուստադիտողն առաջին անգամ Արսեն Գրիգորյանին կտեսնի լուրջ դերով, սա դերասանին պարտավորեցնում է.
«Իհարկե, թատրոնում եւ կարճամետրաժ մի քանի ֆիլմերում խաղացել եմ լուրջ կերպարներ, սակայն որպես լիամետրաժ աշխատանք, այո, սա առաջին հեռուստատեսային արտադրանքն է ինձ համար, որտեղ լուրջ դերով եմ հանդես գալու: Սա ինձ պարտավորեցնում է, բայց եւ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր կերպար դերասանին ճանաչելու նոր հնարավորություն է ընձեռում»,- հավելեց նա:
Միեւնույն ժամանակ, երբ կցուցադրվի «Քարտ բլանշ»-ը, Արսեն Գրիգորյանին կրկին կտեսնենք «Դոմինո» սիթքոմում, քանի որ հաշված օրեր անց կմեկնարկի սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Դերասնաը մեզ տեղեկացրեց, որ այս անգամ սիթքոմում իր մասնակցությունը ավելի մեծ կլինի.
«Ուրախ եմ, որ «Դոմինո»-ում պետք է շարունակեմ ներկայանալ. այս անգամ արդեն իմ կերպարին՝ Արթուրին, հեռուստադիտողն ավելի շատ կտեսնի: Նոր եթերաշրջանում իմ կերպարը մտերմանում է երեք ընկերների հետ եւ նրանց հետ նոր գործ հիմնում»,- պատմեց Արսենը:
Դերասանի հետ կապված նորություններն առաջիկայի համար այսքանով չեն սահամանափակվի.
«Շատ շուտով նոր կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվելու, որտեղ ես ոչ միայն կնկարահանվեմ որպես դերասան, այլեւ կզբաղվեմ ֆիլմի պրոդյուսինգով՝ պրոդյուսերներից մեկը ես կլինեմ: Ֆիլմի ռեժիսորն է Լիլիթ Մովսիսյանն, այն կոչվում է «Դատը»: Միտք ունենք այս ֆիլմը ներկայացնել տարբեր մրցույթներում, բայց հույս ունենք, որ այն կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ, որպեսզի հեռուստադիտողն էլ տեսնի»,- պատմեց Արսեն Գրիոգրյանը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան




















































