News.am-ը գրում է.
Երևանում «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերն արդեն երկու օր է գործադուլ հայտարարած աշխատակիցներին սպառնում է մարտի 1-ից վերանորոգում սկսել եւ տոնավաճառը վերածել սուպերմարկետի: NEWS.am-ի հետ զրույցում տոնավաճառի տնօրենը նշեց, որ ինքը տաղավարների վարձավճարների գնի իջեցում պահանջող աշխատակիցների հետ այլեւս չի կարող որեւէ փոխզիջման գնալ:
«Սա իմ բիզնեսն է, ես ուզում եմ բիզնես անել, ես առանց իրենց վարձավճարների էլ գումար ունեմ եւ կարող եմ վերանորոգում սկսել, սուպերմարկետ դարձնել տարածքը: Այդ ժամանակ, եթե իրենք ուզեն թող գան աշխատեն, խնդրեմ»,-ասաց նա:
Նշենք, որ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները մինչեւ մարտի 1-ը պետք է վճարեն վարձավճարները, աշխատակիցների մի մասի տաղավարների վարձավճարները 20 հազար դրամով իջեցվել է, իսկ մյուս մասինը՝ իջեցվել էր նախորդ ամիս:
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը եւ շարունակում են իրենց աշխատանքը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը:



