«Մոտո լոտո». Նոր կատակերգական բազմասերիանոց ֆիլմ՝ շուտով
VIDEOAysor.am-ը գրում է.
Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող և ստեղծագրծող դերասան-ամուսիններ Արթուր և Արմինե Սուքիասյանները շուտով հեռուստադիտողի դատին կհանձնեն 24 մասից բաղկացած կատակերգական հեռուստաֆիլմ: Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը մանրամասնեց, որ ֆիլմը վատ պայմաններում բնակվող ընտանիքի մասին է. հայր, մայր, երկու որդի և մեկ դուստր, որոնց բախտը հանկարծակի ժպտում է: «Ֆիլմի առաջին մասում ընտանիքի հայրը հեռանում ու գնում է ապրելու հարուստ, բայց շատ ծեր մի կնոջ հետ: Կինն էլ սթրեսային հոգեվիճակում տանից դուրս է գալիս ու մոտոցիկլետի հարված ստանում: Վախեցած մոտոցիկլիստը նկատելով դեպի մայրը վազող որդիներին՝ փախչում է… Այ այստեղից էլ ամեն ինչ սկսվում է, մոտոցիկլիստի գրպանից ընկնում է արդեն իսկ 500 միլիոն դոլար շահած վիճակախաղի տոմսը: Մայրն ու զավակները հարստանում են ու շքեղ տուն գնում ամուսնու տան կողքին»,-մանրամասնեց Արթուր Սուքիասյանը:




Ֆիլմում ընդգրկված են նաև գլամուրային կյանքով ապրող 2 աղջիկներ, ովքեր որոշ պատճառներով գործազուրկի կարգավիճակում հայտնվելով՝ դիմում են տարբեր միջոցների, որպեսզի գումար հայթայթեն: «Հանգամանքների բերումով երկուսն էլ հայտնվում են նույն ժամին նույն տեղում՝ սպասուհու կարգավիճակում՝ լոտոյով հարստացած կնոջ տանը: Տանտիկինը նրանց ստրկուհիներ է անվանում, չհաշված դա՝ հալածվում են տիրուհու գիրուկ աղջկա կողմից: Այստեղ աշխատող թիկնապահին փորձում է գրավել տիրուհու աղջիկը, բայց երիտասարդն էլ իր հերթին ջանում է արժանանալ սպասուհիների համակրանքին»,-ընտանեկան խառնաշփոթի մասին հայտնեց մեր զրուցակիցը:


Քանի որ մոտոն է դառնում պատճառ, որ ընտանիքը ձեռք է բերում այդ շահած լոտոն՝ ֆիլմը կոչվում է «Մոտո լոտո»: Նախնական շրջանում այն ցուցադրվելու է «USArmenia TV»-ով, սակայն հայաստանյան հեռուստադիտողը ևս հնարավորություն կունենա հետևել ընթացքին՝ սկզբում համացանցի, այնուհետև հայկական հեռուստաալիքներից մեկի միջոցով: «Հիմա չեմ կարող ասել, թե որ հեռուստաալիքով կցուցադրվի, բայց, միանշանակ, բանակցություններ են տարվում: Ասեմ, որ նկարահանման աշխատանքներն իրականացվում են «Dim Media» և «USArmenia» ընկերությունների կողմից ներդրված ֆինանսական միջոցներով: Նկարահանվում է ամերիկյան գեղարվեստական ֆիլմի չափորոշիչներով: Միակ հայկական բազմասերիանոց հեռուստաֆիլմն է, որ առաջինից մինչև վերջին սերիան նկարահանվում է հատուկ լուսադրում պահանջող RED տեսախցիկով: Նաև, Միացյալ Նահանգներում նկարահանված առաջին և իր տեսակի մեջ եզակի հումորային նախաիծն է»,-ընդգծեց ռեժիսորը:
.jpg)




Նկարահանվել են Աննա Պանին, Արամ Մխիթարյանը, Թագուհի Հակոբյանը, Հռիփսիմե Կիրակոսյանը, Սևակ Հակոյանը, Հայկ Գրեգորյանը, Մերի Բասմաջյանը, Արման Հովհաննիսյանը, Սոնա Քարամյանը և այլք: «Ընդգրկված են նաև մեքսիկացի, իտալացի, արգենտինացի ու ամերիկացի պրոֆեսիոնալ դերասաններ ու մոդելներ»,- հավելեց նա:
Բոլոր ֆիլմերի պես «Մոտո լոտո»-ն ևս կունենա սաունդթրեյք: Թե ո՞ր երգիչը կկատարի այն, շուտով պարզ կլինի:



