Հրազդան քաղաքի՝ մեկ տասնյակ անգամ դատապարտված բնակիչը ոստիկանություն է գնացել՝ խոստովանելու նոր հանցանքները. տեսանյութ
SOCIETYՀրազդան քաղաքի՝ նախկինում մեկ տասնյակ անգամ դատապարտված բնակիչ Գոռ Զարգարյանը ոստիկանություն է ներկայացել՝ խոստովանելու նոր հանցանքները: Ըստ ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ վերջին շրջանում կատարած նրա գողությունները բավական շատ են և ավարով հարուստ՝ գողության և գողության փորձի 7 դեպք:
Գոռ Զարգարյանը գողություն էր կատարել Զովունի և Ձորաղբյուր գյուղերից: «Գողության թիրախ էին դարձել առանձնատները: Ներս էր մտել պատուհանը ջարդելով, գողացել այն, ինչ կարողացել էր, և ինչը կարելի էր հեշտ վաճառել՝ կոնյակ, գինի, կենցաղային տեխնիկա՝ տուժողներին պատճառելով 1,5 մլն դրամի վնաս»,-նշում է ոստիկանությունը:
Բացի բնակարանների գողությունից՝ Գոռ Զարգարյանը այլ գողություններ էլ էր արել՝ դրամապանակի, ավտոմեքենայի գազաբալոնի, մարտկոցի, ձայնագրիչի և այլն:
Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, Գոռ Զարգարյանը կալանավորված է:



