«Հո թաքո՞ւն չենք անելու». ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ այսօր հուշագիր կստորագրի. Արմեն Ռուստամյան
POLITICSԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր նախագահական նստավայրում կստորագրվի ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի նախագահությամբ: Արմեն Ռուստամյանը խուսափեց մանրամասներ հայտնել՝ խորհուրդ տալով մի քիչ «համբերել»:
«Բովանդակությունը կհրապարակվի, կիմանաք ժողովուրդ, չե՞ք կարողանում համբերել մի երկու ժամ: Ամեն ինչ էլ կհստակեցվի, սպասեք թող հստակեցվի խոսենք: Ամեն ինչ մանրամասն կասենք, հո թաքո՞ւն չենք անելու: Բոլոր հարցերն էլ հստակեցվելու են, չի մնալու մի հարց, որը կմնա անպատասխան: Մի մտածեք, որ թաքուն է արվելու: Ամեն ինչ հրապարակային է լինելու, ամեն ինչ հրապարակվելու է»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա տեղեկացրեց միայն, որ նախատեսվում է ստորագրվել փասաթղթերի մի մեծ փաթեթ՝ ուղղված ապագային, ներքին և արտաքին ոլորտներին վերաբերվող հարցերին:
Պատասխանելով հարցին, որ մամուլում հրապարակումներ կան, թե ՀՅԴ-ում խմորումներ կան, Արմեն Ռուստամյանը շտապեց հանգստացնել:
«Մամուլի հոգեվիճակն ինձ լուրջ անհանգստացնում է այս երկու ամիսների ընթացքում, իսկապես, մի հատ վերլուծեք՝ էս ինչ ա կատարվում: Ոչ մի բան էլ ճիշտ չի գրել մամուլը: Էս երկու ամիս զբաղված եք այս հարցով և ինչ ասես մոգոնվեց այս ընթացքում»,- մեկնաբանեց դաշնակցականը:
Արձագանքելով դիտարկմանը, թե ՀՅԴ-ի սփյուռքում գործող կառույցները բացասական են տրամադրված ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, Ռուսատմյանն ասաց. «Շատ նորմալ են վերաբերվում, մի անհանգստացեք, ներսի կառույցներից պրծաք հիմա էլ անցաք դրսի կառույցներին»:
Անդրադառնալով լուրերին, որ ՀՅԴ-ի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները դադարեցրել են հայաստանյան կառույցի ֆինանսավորումը, Ռուստամյանն ասաց. «Լավ էր, Աստված տվեց, որ այդ օրերին, երբ այս հարցը քննարկվում էր, գտնվում էի Ամերիկայում... եսիմ, ժողովուրդը դուրս էր եկել շարքերից: Ես այնտեղ եմ եղել, այս ամեն, ինչի մասին խոսել եմ, 3000 հոգիանոց դահլիճի առաջ և ծափահարություններով են ընդունել»:



