Ապրիլ-հունիսին սպասվում է Սեւանա լճի մակարդակի կտրուկ բարձրացում
SOCIETYՍեւանա լճի մակարդակը 2016 թվականի փետրվարի 23-ի դրությամբ կազմել է 1900 մետր 27 սանտիմետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա նիշից բարձր է 14, իսկ 2016 թվականի փետրվարի 2-ի նիշից` 2 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Սեւանի մակարդակի էական եւ կտրուկ բարձրացում սպասվում է ապրիլից մինչեւ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում, երբ վարարում են Սեւան թափվող գետերը:
«Լեռներում ու ձորերում կուտակված ձյան հաստ շերտն առատ ջրի պաշար է խոստանում Սեւանա լճի համար: Նախորդ մի քանի տարիների համեմատ, այս տարի ունենք մի քանի անգամ ավելի ձյան կուտակում, որի հալքի արդյունքում, չհաշված սպասվող գարնանային տեղումները, Սեւանը մինչեւ հունիսի կեսերը կարող է բարձրանալ եւս մի քանի տասնյակ սանտիմետրով: Բացի այդ, ձյան պաշարը նպաստավոր կլինի նաեւ գյուղատնտեսության համար` ապահովելով փարթամ բուսածակույթ արոտներում ու խոտհարքերում, բավարար խոնավություն` վարելահողերում»,-նշեց վարչության պետը:



