Մարզպետն ախթալեցիներին խորհուրդ է տալիս սպասել. այլ տարբերակ չկա
SOCIETYPast.am-ն օրերս անդրադարձել էր Լոռու մարզի Ախթալա քաղաքում տիրող իավիճակին: Այստեղ գործող Լեռնահարսատացման կոմբինատի աշխատակիցները չեն ստացել դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձերը: Բացի այդ` ԼՀԿ ղեկավարությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում կրճատել է գործարանի ավելի քան 100 աշխատակցի:
Ստեղծված իրավիճակի մասին Past.am-ը զրույցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է իրավիճակին:
«Իհարկե ծանոթ եմ իրավիճակին: Խնդիրը կապված է համաշխարհային շուկայում մետաղի գների անկման հետ և, բնականաբար, ոչ միայն Ախթալան, այլ բոլոր հանքարդյունաբերողներն են այսօր փաստի առաջ են կանգնել, որովհետև արդեն շահավետ և եկամտաբեր չի դարձել հանքարդյունաբերությունը: Մենք խնդրել ենք տնտեսվարողներին, որ թեկուզ զրոյական շահույթով կամ վնասով` այս ընթացքը անցկացնեն, և մեծ կրճատումներ չլինեն»,- ասաց մարզպետը:
Արթուր Նալբանդյանը ասաց, որ տեղյակ է նաև կրճատումների մասին, բայց վստահություն և համոզմունք հայտնեց, որ համաշխարհային շուկայում մետաղի գները բարձրանալուն պես, հարցը լուծում կստանա:
«Ոչ մի տնտեսվարող այդ մասնագետներին կորցնելու ցանկություն չունի, և վստահ եմ, որ հետ կընդունի այդ մասնագետներին, երբ գները բարձրանան»,- եզրափակեց Լոռու մարզպետն՝ ախթալեցիներին խորհուրդ տալով սպասել, քանի որ, ըստ նրա, այլ տարբերակ չկա:
Լիլիթ Լալայան



