ԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում
SOCIETYASWA համակարգում առաջացած խափանումների պատճառով հոկտեմբերի 22-ից խնդիրներ են առաջացել վարորդների սպասարկման գործընթացում։ Հսկայական հերթեր են գոյացել ՀՔԲ-ներում՝ հաշվառման-քննական բաժիններում, իսկ քաղաքացիները չեն կարողանում իրականացնել անհրաժեշտ գործողությունները։ Ավելին՝ տուգանվելու սպառնալիքով նրանք ավտոմեքենայով չեն կարող լքել տարածքը, քանի դեռ ԱՊՊԱ պայմանագիրը կնքված չէ։
Խնդիրներ են առաջանում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ապահովագրական ընկերություններից մեկից հայտնել են, որ համակարգի աշխատանքի խափանումներից առաջացած խնդիրները տարբեր են․
«Հնարավոր է՝ պայմանագիր կնքելիս գումարը գանձվի, բայց պայմանագիրը չվերակնքվի։ Հնարավոր է նաև առհասարակ գումար չգանձվի», - ասացին ապահովագրական ընկերությունից։
Ստեղծված իրավիճակում վարորդները փաստի առաջ են կանգնել․ համակարգի աշխատանքի խափանումների պատճառով նրանք չեն կարողանում ժամանակին իրականացնել պահանջվող գործողությունները, մինչդեռ խնդիրը նրանցից կախված չէ։
Ավելին՝ համակարգի խափանումների մասին պատշաճ տեղեկացված չլինելու պայմաններում վարորդները կարող են հայտնվել նաև իրավական խնդիրների առաջ, այդ թվում՝ տուգանվելու ռիսկի առջև, եթե չկարողանան ժամանակին կատարել օրենքով նախատեսված պահանջները։
Ստացվում է՝ տեխնիկական խնդրի հետևանքները կրում են առաջին հերթին քաղաքացիները․ նրանք ոչ միայն զրկված են բնականոն սպասարկումից, այլև ստիպված են հերթեր կանգնել ՀՔԲ-ների դիմաց՝ փորձելով լուծել խնդիր, որի առաջացման համար պատասխանատու չեն։
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո, որը համակարգում է ԱՊՊԱ ոլորտն ու ASWA հարթակի աշխատանքը, մեր զանգերն անպատասխան մնացին։



