Մարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը Մարսելում։ Այս մասին հայտնել է La Provence տարածաշրջանային թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ արգելքը տարածվում է նաև ամբողջ դեպարտամենտի վրա։ Բացի այդ, Մարսելում պարետային ժամ կգործի շաբաթից կիրակի և կիրակիից երկուշաբթի գիշերները։ Այն կգործի տեղական ժամանակով 23:00-ից մինչև 05:00-ը։
Շաբաթ օրը կարգելվի նաև վառելիքի փոխադրումը։
Ավելի վաղ տարածաշրջանների պրեֆեկտներն արգելել էին ցույցերը նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հավրում, Լիոնում և Նիցցայում։ Փարիզում թույլատրվել է միայն արհմիությունների ցույցը՝ նախապես համաձայնեցված երթուղով։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 550 հազար։ Սա երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



