Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2339-Լ որոշման մեջ։ Նախագիծը մշակվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 2027-2029 թվականներին ապահովելու նպատակով։
Թիվ 2339-Լ որոշմամբ սահմանվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և դրա իրականացման կարգը: Որոշման 3-րդ կետի համաձայն՝ միջոցառումն իրականացվում է 2024 թվականի հունվարի մեկից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2024 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Միջոցառման շրջանակում կենսաթոշակառուներին տրամադրվում է հետվճար՝ նրանց կողմից կենսաթոշակային քարտի միջոցով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների դիմաց: Միջոցառման իրականացումը նպաստում է կենսաթոշակների չափերի ավելացմանը և միաժամանակ նաև՝ անկանխիկ վճարումներ կատարող կենսաթոշակառուների թվի, անկանխիկ վճարումների ծավալների ընդլայնմանը:
Հաշվի առնելով միջոցառման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա ֆինանսական ապահովման նպատակով 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացված ծախսերի պլանավորումը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել միջոցառման իրականացման ժամկետը մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում 2027 թվականի հունվարի մեկից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



