Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո
INTERNATIONAL NEWSԴոնալդ Թրամփի վարչակազմը բազմաթիվ բողոքներ է ստացել ամերիկյան ընկերություններից՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումների հետ։ Այս մասին հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Breitbart»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս բողոքները մտահոգություններ են առաջացրել Վաշինգտոնում։
«Օրինակ` մի քանի ամիս առաջ տեսանք, որ Սև ծովում հարձակվեցին էներգառեսուրսներ տեղափոխող նավերի վրա։ Բազմաթիվ բողոքներ եղան, քանի որ ամերիկյան ընկերությունները դիմում էին մեզ և ասում. «Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկված նավում մեր նավթն էր»։ Իրավիճակը վատթարացնող որևէ իրադարձություն մեզ պետք չէ», – ասել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն իսկ էներգետիկ ճգնաժամի մեջ է՝ հաշվի առնելով Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը։ Նման պայմաններում, Ռուբիոյի գնահատմամբ, Սև ծովում Ուկրաինայի գործողությունները միայն խթանում են համաշխարհային շուկաներում էներգակիրների գնաճը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները լուրջ վնաս են հասցնում դիզվառելիքի համաշխարհային շուկաներին։



