Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի
INTERNATIONAL NEWSՔենիայում Էբոլա տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է յոթի, մեկ մարդ մահացել է։ Այս մասին, երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը հղում անելով, հաղորդում է Reuters-ը։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակման չորս նոր դեպք։ Վարակվածներից երեքը բուժաշխատողներ են, որոնք օգնություն են ցուցաբերել Էբոլայով առաջին հիվանդին։ Չորրորդ վարակվածը մահացածի հարազատն է։ Բոլոր չորսն էլ ախտանշանների ի հայտ գալու պահին կարանտինում են եղել։ Ավելի վաղ վարակված երկու հիվանդի վիճակը կայուն է։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին հիվանդի հետ շփում ունեցած 130 անձանցից 128-ը հայտնաբերվել և մեկուսացվել են։ Գերատեսչությունն ընդգծել է, որ մինչ այժմ հայտնաբերված շփումների շղթաներից դուրս վարակի տարածման նշաններ չկան։
Իշխանությունները սահմանափակումներ չեն մտցրել ուղևորությունների, առևտրի և զանգվածային միջոցառումների նկատմամբ։
Քենիայում Էբոլայով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր հոկտեմբերի 5-ին։ Վարակվածը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի էր, որը Քենիա էր ժամանել Ուգանդայի տարածքով։ Ավելի ուշ տղամարդը մահացել է։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվում է Էբոլայի համաճարակը, որն առաջացել է Բունդիբուգիո տեսակի վիրուսով։ Դրա դեմ առայժմ հաստատված պատվաստանյութ չկա։



