Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից
SPORTՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) ժամանակավորապես հեռացրել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ազգային հավաքականից՝ առանց թույլտվության թիմի ճամբարը լքելու պատճառով։
Որակազրկման տևողությունը կորոշի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը։
Ռոնալդուն ժամանակավորապես հեռացվել է Պորտուգալիայի ազգային հավաքականից սեպտեմբերյան ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմի ճամբարը լքելու պատճառով։ Որակազրկումն ուժի մեջ է մտել ավտոմատ կերպով՝ համաձայն FPF-ի կարգապահական կանոնակարգի։ Որակազրկման վերջնական ժամկետը կսահմանի FPF-ի կարգապահական հանձնաժողովը։
Ֆեդերացիայի կանոնների համաձայն՝ այն խաղացողը, ով առանց հարգելի պատճառի լքում է ազգային հավաքականի ճամբարը կամ չի ներկայանում մարզմանը, խաղին կամ հավաքականի այլ միջոցառման, կարող է որակազրկվել 1-ից 6 ամիս ժամկետով։ Նման խաղացողին սպառնում է նաև 500-ից 1000 եվրո տուգանք։
Ռոնալդուն ազգային հավաքականի ճամբարը լքել է սեպտեմբերի 30-ին՝ Ազգերի լիգայի՝ Դանիայի դեմ խաղից մեկ օր առաջ։ Մի քանի օր առաջ հարձակվողը Նորվեգիայի դեմ խաղում (2:1) մնացել էր պահեստայինների նստարանին՝ չնայած երկրորդ խաղակեսում տաքացել էր։ Ավելի ուշ Ռոնալդուն հայտարարել էր, որ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը երկու անգամ չի կատարել իրեն տված խոստումները։
Ըստ հարձակվողի՝ մարզիչը մտադիր էր եղել իրեն մոտ 30 րոպե խաղաժամանակ տրամադրել Նորվեգիայի դեմ խաղում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չէր բերել։ Հետագայում կողմերը պայմանավորվել էին, որ Ժեզուշը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ կբացատրի իրավիճակը, սակայն Ռոնալդուն ասել է, որ մարզիչը չի կատարել այդ քայլը։ Ժեզուշը հերքել է նման պայմանավորվածության առկայությունը։



