Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
SPORTՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան մեկնաբանել է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա կոնֆլիկտը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ։ Պաշտոնյան ընդգծել է, որ կողմերը որոշում են կայացրել հանդիպել՝ կոնֆլիկտը հարթելու նպատակով։
«Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ավելի քան երկու տասնամյակ նվիրել է պորտուգալական ֆուտբոլին և հանդիսանում է Պորտուգալիայի ինքնության գլխավոր խորհրդանիշը։ Նրա ներկայությունը հավաքականում միանգամայն արդարացված է՝ շնորհիվ բացառիկ սպորտային ունակությունների, և դա անվիճելի է։ Նա միշտ կմնա այս թիմի մի մասը, քանի դեռ առողջ է և պատրաստ է խաղալ։
Այն, ինչ տեղի ունեցավ նրա և Ժորժե Ժեզուշի միջև, պարզապես թյուրիմացություն է, որը պետք է լուծել թիմի ներսում։ Կրիշտիանուն հավաքականի մի մասն է, նա մեր խորհրդանիշն ու ավագն է։ Նա կարող էր ավարտել կարիերան աշխարհի առաջնությունից հետո, սակայն դա չարեց ազգային թիմի հանդեպ ունեցած սիրո պատճառով։
Ես անձամբ կարող եմ հաստատել այն յուրահատուկ կապը, որը նա ունի ժողովրդի և հավաքականի հետ։ Այժմ, երբ չորս հանդիպումներն արդեն անցյալում են, մենք բավականաչափ ժամանակ և հանգստություն ունենք՝ միասին նստելու և լուծելու այս թյուրիմացությունը։ Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է, և նա միշտ այստեղ կլինի, երբ մարզիչը ցանկանա նրան տեսնել»,- Պրոենսայի խոսքերն է մեջբերում պորտուգալական Record պարբերականը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի և գլխավոր մարզչի միջև լարվածությունը սկսվել էր Ազգերի լիգայի շրջանակներում Դանիայի թիմի դեմ խաղից առաջ։ Մարզիչը չէր ընդգրկել 41-ամյա հարձակվողին մեկնարկային կազմում, ինչը զայրացրել էր ֆուտբոլիստին։ Արդյունքում Ռոնալդուն ինքնակամ լքել էր Պորտուգալիայի հավաքականը։



