Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի
SOCIETYՍեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ երեխային փողոցում ծեծի են ենթարկել, և նա շտապօգնության ավտոմեքենայով «գլխի թեթև բաց վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Ա. Գ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 59 շենքում գտնվող թենիսի խաղասենյակում՝ դուռը չփակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Դ. Ղ.-ն ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ե.-ի հետ ծեծի են ենթարկել Ա. Գ.-ին՝ գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։



