«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դավիթը մեր ընտանիքում չորրորդ զավակն էր։ Վեց երեխա ենք ունեցել՝ չորս տղա և երկու աղջիկ։ Մեր առաջնեկը մահացել էր չորս ամսականում բժիշկների պատճառով: Մեր բոլոր զավակները եղել են սիրված, իսկ Դավիթը նաև յուրահատուկ ուշադրության է արժանացել իր աշխուժության շնորհիվ։ Դավիթը թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքնապես ոչ մեկին նման չէր, տարբեր էր, բայց մայրիկի դպրոցական տարիների նկարի հետ համեմատելիս նրանց նմանությունը գրեթե 100 տոկոս է։ Շիկահեր էր՝ ի տարբերություն մեր մյուս սևահեր զավակների։ Տարիների հետ նաև բարձրահասակ դարձավ։ Ուժեղ կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր, մարդիկ ակամա իր շուրջն էին հավաքվում։ Լեզուների հանդեպ շուտ ընկալող էր, լավ տիրապետում էր ռուսերենին և վարժ խոսում էր օսերեն։ Ուներ ձայնային տվյալներ, լավ երգում էր, սակայն ամաչում էր ի ցույց դնել իր այդ տաղանդը, շատ լավ լեզգինկա էր պարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի հայրիկը՝ պարոն Մամիկոնը։
Դավիթը ծնվել է Գյումրիում։ Սովորել է «Մուշ 2» թաղամասի թիվ 23 դպրոցում։ Հիմա նույն դպրոցի դասասենյակներից մեկը կրում է նրա անունը։ 2015 թվականին ընտանիքը տեղափոխվում է բնակության Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաք։ «Դավիթս զբաղվում էր հունահռոմեական ըմբշամարտով։ Հյուսիսային Օսիայի բազմակի մրցանակակիր է։ Պարգևատրվել է պատվոգրերով և մեդալներով։ Բայց դպրոցում լավ չի սովորել, չէր սիրում սովորել։ Գիտեք՝ երազանքների մասին չէինք խոսում։ Խոստովանեմ, որ այդ թեմայի շուրջ մի երկու անգամ վիճել ենք, անընդհատ պնդում էր, որ ծառայությունից հետո մեզ հետ էլ չի ապրելու։ Ասում էր՝ դու ես ինձ բերել այստեղ, դու էլ ինձ կտանես Հայաստան։ Անկապ և անհասկանալի էր թվում վեճը։ Տղայիս զոհվելուց հետո հասկացա իր բառերի նշանակությունը։ Ես տարա իրեն Հայաստան՝ բանակ մեկնելու համար, դե, բանակից հետո էլ նա այլևս մեզ հետ չէ։ Իր խոսքերն այն ժամանակ անհասկանալի էին, բայց մարգարեական դարձան»։
2019 թվականի դեկտեմբերի 16-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Մատաղիսում։ «Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Երևի մեզ չէր ուզում անհանգստացնել։ Հազվադեպ էինք խոսում իր հետ։ Բանակում հեռախոսն արգելված էր, թեև տղաս սպաներից թաքուն երբեմն զանգում էր։ Մի անգամ իրեն հարցրել էին, թե ինչու ես Ռուսաստանից եկել ծառայելու, կարող էիր չգալ, տղաս պատասխանել էր. «Ես չգամ, մյուսը չգա, ո՞վ է ծառայելու»»։
Արմավիրի ուսումնական զորամասում վերապատրաստում անցնելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով Դավիթը վերադառնում է Մատաղիս։ «Շատ պատասխանատու էր մոտենում իր կոչմանը։ Դիրքի ավագ էր, դա ևս իր համար պարտավորեցնող էր։ Մեզ անծանոթ ծնողներից ենք իմացել, թե Դավիթն ինչպիսի վերաբերմունք է ունեցել մյուս զինվորների հանդեպ, մեզ շնորհակալություն էին հայտնում։ Մենք այդ հասունացած, պատասխանատու, գիտակից երիտասարդին չհասցրեցինք ճանաչել, մեզ համար նա մնաց մեր փոքր, աշխույժ ու չարաճճի Դավիթը»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Այդ օրը Դավիթը եղել է Թալիշի թիվ N մարտական դիրքում։ «Հրամայել է՝ ի զեն, ու տղերքը երեք ու կես ժամ դիրքային մարտ են վարել ու... Ըստ գեներալի պատմածի (դիրքի տեսախցիկների ֆիքսած տեսանյութով), քսանից ավելի տանկ և զրահատեխնիկա է եղել իրենց դիրքի ուղղությամբ։ Դա եղել է թշնամու հարձակման գլխավոր ուղղությունը։ Քառօրյա պատերազմից հետո հետ քաշված դիրքերը չեն եղել պաշտպանված ականապատ չեզոք գոտիով։ Մենք իր հետ կապ չունեինք այդ օրերին։ Հարձակման նախօրեին էր զանգել ավագ եղբորը, պատվիրել էր՝ մորս լավ կնայեք»։
Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, Դավիթը զոհվում է Թալիշում։ «Մի քանի ժամ կարողացել են վեց հոգով թշնամուն դիմադրել, անհամեմատելի է եղել ուժերի տարբերությունը։ Մենք հոկտեմբերի հինգին իմացանք բոթը, ցուցակում կարդացինք իր անունը։ Ես շտապ վերադարձա Հայաստան և սկսեցի որոնումները։ Վեց ամիս բոլոր դիահերձարանները տասն օրը մեկ այցելում էի։ Դավիթս չկար։ Նույնիսկ խաղաղապահների և «Կարմիր խաչի» միջոցով այցելեցի Թալիշ՝ իր մարտական դիրքը, եղա տղերքի բլինդաժում, գտա որդուս իրերից, դիրքում, խրամատներում փնտրեցի նրան, բայց չկար։ Վերադարձիս առավոտը (մարտ ամիսն էր) զանգեցին, քննիչն էր, տղաս գտնվել էր։ Միայն ԴՆԹ թեստով հաստատվեց նրա ինքնությունը։ Պարզվում է՝ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 19-ին են մարմինների փոխանակմամբ նրան ուղարկել Հայաստան։ Պարզապես դիահերձարանի դատաբժիշկը մոռացել էր նկարները ուղարկել, և մենք շարունակաբար իրեն էինք փնտրում։ Մի խոսքով, դժոխքով անցանք։ Անկեղծ, թշնամուս չէի ցանկանա նույնը։ Պատերազմի դեմքը սարսափելի է»։
Ապրելու ուժի մասին։ «Կյանքի, ապրելու մղող ուժը սերն է, սերն ընտանիքի, դրացու, հայրենիքի հանդեպ։ Մահն էլ է բխում վերը նշվածից»։
Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



