Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում ավագ դպրոցների հազարավոր աշակերտներ հոկտեմբերի 6-ին կրկին շրջափակել են իրենց դպրոցները։ Մեծահասակները նույնպես միացել են նրանց՝ աջակցելու շաբաթներ շարունակվող շարժմանը։ Լիոնում և Ստրասբուրգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, իսկ Փարիզում սպասվում է ցույցերին մինչև 40 000 մարդու մասնակցություն։
Նշվում է, որ Ֆրանսիայի 3700 ավագ դպրոցներից 891-ում դասերն ամբողջովին կամ մասնակիորեն չեղարկվել են՝ «տարբեր պատճառներից ելնելով»։
Ըստ Ավագ դպրոցների աշակերտների միության՝ արգելափակվել և փակվել է 1800 դպրոց։ Որոշ դեպքերում տեղական իշխանությունները փորձել են դասերն անցկացնել առցանց։
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ տարբեր քաղաքներում 86 000 մարդ է մասնակցում ցույցերին։ Այս թիվը չի ներառում Փարիզի ցուցարարներին։
Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։ Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին։



