Սերժ Սարգսյանի ռեֆերենտը մի քանի բնակարան եւ ավտոմեքենաներ ունի
SOCIETYՓետրվարի 10-ին ՀՀ նախագահի օգնական նշանակված Հրայր Ղուկասյանը, պարզվում է, բավական մեծ կարողությունների տեր մարդ է. նրան են պատկանում երկուական բնակարան եւ ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Հանձնաժողովը հրապարակել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանի՝ նախագահի օգնականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ գրառված է երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ինչպես նաեւ LEXUS RX 330 եւ NISSAN TIIDA 1.6 մակնիշի ավտոմեքենաներ: Նախագահի օգնականը հայտարարագրել է նաեւ 250 ամերիկյան դոլար արժողությամբ արժեթղթեր, փոխառություններ՝ 3 եւ 8,9 միլիոն դրամի չափով: Հրայր Ղուկասյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 150 հազար դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո:
Հավելենք, որ Հրայր Ղուկասյանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է: Հրայր Ղուկասյանը նաեւ քրեական իրավունքի մասնագետ է, դոցենտ, մասնակցել է օրենսգրքերի մշակմանը, մի շարք հոդվածների եւ բուհական դասագրքերի համահեղինակ է: Աշխատել է որպես փաստաբան, նաեւ դասավանդել է ԵՊՀ-ում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



