Ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը
SOCIETYՍեպտեմբերի 23-ին Տավուշի մարզում արտառոց դեպքի մասին ահազանգ է ստացվել։ 43-ամյա բնակիչը ոստիկանությանը հայտնել է, որ իր 13-ամյա որդուն նախորդ օրը դպրոցում ծեծի է ենթարկել նույն դպրոցի 64-ամյա ուսուցիչը։
Ծնողի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մաթեմատիկայի դասաժամից առաջ։ Ուսուցիչը, դժգոհ լինելով, որ դասասենյակի դուռը բաց է մնացել, երեխայի վրա գոռացել է, տետրով հարվածել գլխին, ապտակել և հրելով գցել սեղանին։ Արդյունքում երեխայի աջ աչքի շրջանում այտուց է առաջացել։
Ծնողի փոխանցմամբ՝ նույն օրը դպրոցի փոխտնօրենը, որը ուսուցչի կինն է, նույնպես վիճաբանել է երեխայի հետ, ապտակել նրան և տարել իր աշխատասենյակ։ Ըստ հաղորդման՝ աշակերտին այնտեղ մեկ դասաժամ ստիպել են անկյունում կանգնած մնալ։
Ինչպես հայտնում է Past.am-ը, համայնքի բնակիչները մեզ փոխանցել են նաև, որ իրենց տեղեկություններով՝ միջադեպի հնարավոր շարժառիթներից մեկը կարող էր լինել երեխայի Արցախից բռնի տեղահանված ընտանիքից լինելը։
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության համապատասխան բաժին։ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով՝ իրավապահները այս պահին այլ մանրամասներ չեն հրապարակում։ Past.am-ը կհետևի գործի հետագա ընթացքին և նոր տեղեկությունների դեպքում կտեղեկացնի։



