Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
SOCIETYԵրևանում նորածին երեխայի մահվան դեպքով ընտանիքի հարազատները պնդում են, որ երեխայի վիճակը ժամանակին չի գնահատվել, իսկ մասնագիտացված բժշկական օգնության տեղափոխումն ուշացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծնվել է Մարգարյան ծննդատանը և ավելի ուշ Նորք-Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել։
Ընտանիքի խոսքով՝ հղիության ընթացքում կնոջը պարբերաբար հսկել են բժիշկները, սակայն երեխայի առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի արձանագրվել։ Ծննդաբերության ընթացքում բժիշկները խնդիր են նկատել և կատարել շտապ կեսարյան հատում։
Հարազատների պնդմամբ՝ երեխայի ծնվելուց հետո միայն պարզվել է, որ նա սրտի արատ ունի։ Ծննդատուն հրավիրվել է սրտաբան, որից հետո որոշվել է նորածնին տեղափոխել Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։
Past.am-ի փոխանցմամբ՝ ընտանիքի խոսքով՝ երեխային տեղափոխել են ծնվելուց մոտ երեքուկես ժամ անց։ Մարգարյան ծննդատնից նա դուրս է եկել կենդանի, սակայն Նորք-Մարաշ բժշկական կենտրոն է հասել սրտի կանգի վիճակում։
Հարազատները, վկայակոչելով Նորք-Մարաշի մասնագետների կարծիքը, պնդում են, որ սրտի արատը հնարավոր էր հայտնաբերել հղիության ընթացքում, և ժամանակին մասնագիտացված օգնության դեպքում երեխայի կյանքը, իրենց խոսքով, հնարավոր էր փրկել։
Past.am-ի տեղեկություններով՝ ընտանիքը տեղի ունեցածի հանգամանքների ամբողջական պարզաբանում է պահանջում։ Բժիշկների հնարավոր անփութության կամ բժշկական օգնության ուշացման վերաբերյալ վերջնական գնահատական կարող է տրվել միայն համապատասխան քննության և մասնագիտական ուսումնասիրության արդյունքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



