Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակ
POLITICSԺողովրդավարական պետության հիմքերից մեկը իշխանությունների տարանջատումն ու փոխադարձ հակակշիռների առկայությունն է։ Սակայն 2018-ից հետո Հայաստանում այս սկզբունքի շուրջ բազմաթիվ խնդիրներ են բարձրացվել՝ կապված դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերակցության հետ։
2019-ին Փաշինյանի՝ դատարանների շրջափակման կոչից հետո դատական համակարգի շուրջ գործընթացները նոր փուլ մտան։ 2020 թվականին Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններով դադարեցրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունները և փոխեց ՍԴ նախագահի կարգավիճակը։ Վենետիկի հանձնաժողովն այդ գործընթացի վերաբերյալ մտահոգություններ էր հայտնել՝ անդրադառնալով դատավորների անփոփոխելիության և ՍԴ անկախության հարցերին։
Հետագա տարիներին քննադատության առարկա դարձան նաև Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական մեխանիզմները։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023-ին ԲԴԽ-ն դադարեցրել է 33 դատավորի լիազորություններ, որոնցից 10-ի դեպքում՝ կարգապահական վարույթների արդյունքում։ ԵԽԽՎ-ն ևս անդրադարձել է դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններին։
Ինչ վերաբերում է խորհրդարանին, 2021-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնեց խորհրդարանական վերահսկողության սահմանափակման մասին։ 2026-ի ընտրություններից հետո ՔՊ-ն այլևս չունի նախկին 2/3 մեծամասնությունը, սակայն շարունակում է ունենալ խորհրդարանական մեծամասնություն։
Past.am-ը նաև անդրադարձել է նոր խորհրդարանի ձևավորման ընթացքում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններին։ Դրանցով, մասնավորապես, նախատեսվեց, որ որոշ պաշտոնների թեկնածուների չառաջադրման դեպքում խորհրդարանը կարող է անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ ԱԺ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փոփոխության նպատակը առաջին նստաշրջանի աշխատանքների չձգձգումն է։
Այս զարգացումների շուրջ հիմնական բանավեճը շարունակում է մնալ նույնը՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունների տարանջատման և փոխադարձ վերահսկողության մեխանիզմներն իրականում ապահովում են Սահմանադրությամբ նախատեսված հակակշիռները, թե՞ քաղաքական մեծամասնության ազդեցությունը շարունակում է գերակշռել պետական ինստիտուտներում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



