Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին, Մեքսիկայի ԱԳՆ-ին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվեից» հայտնեցին, որ դիմումների հիմքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ սեպտեմբերին բռնազավթված Արցախի տարածքներ կազմակերպված դիվանագիտական այցն է։ Ըստ կառույցի՝ նման միջոցառումներն ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության բացահայտ խեղաթյուրմանը, յուրացմանն ու Արցախում հայկական պատմական հետքի հետևողական վերացմանը։
«ՀայաՔվեն» արձանագրում է, որ միջազգային դիվանագետների մասնակցությամբ նմանօրինակ բեմադրությունները չպետք է ծառայեն Բաքվի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, մշակութային կեղծիքի և տեղահանված հայության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացմանը։
Միջազգային գործընկերներից «ՀայաՔվեն» պահանջում է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական ու տնտեսական համագործակցությունը հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունից, հանդես գալ հայկական հոգևոր-մշակութային արժեքների պաշտպանության հստակ դիրքորոշմամբ, աջակցել UNESCO-ի անկախ առաքելության մուտքին Արցախ, ինչպես նաև միջազգային բոլոր ատյաններում պաշտպանել արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի հիմնարար իրավունքը։ «ՀայաՔվեից» հայտնում են, որ հաստատակամ են հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային բոլոր հարթակներում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



