Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան
BLOGՀաղթանակները բազում տերեր ունեն, իսկ պարտությունները՝ որբ են։ Որպես կանոն, պարտություններից հետո որևէ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել պարտության պատասխանատվությունը։ Բայց դա էլ այս պահին էական չէ, քանի որ միայն առաջին հայացքից է թվում, թե պատերազմները տարածքների մասին են, հողեր գրավելու մասին են։
Պատերազմներն իրականում հաղթողի կողմից պարտվողին սեփական կամքը թելադրելու մասին են։ Եվ, որպես կանոն, այդ կամքի թելադրումը, եթե հասնում է քաղաքական հաջողության, նպատակը լինում է պարտված պետության պետականության կորուստը՝ պետականության նվաճումը հաղթողի կողմից։
Եվ հիմա մեր քաղաքական էլիտաների և ժողովրդի պարտքն է՝ այս ամենը գիտակցելով, թույլ չտալ, որ արցախյան պատերազմի պարտությունը դառնա հայոց պետականության կորստի պատճառ։ Իսկ դա նշանակում է, որ մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտաներն ու ժողովուրդը պարտավոր են հասկանալու հայոց պետականության շահը և առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Հակառակ պարագայում մենք կվտանգենք մեր պետականությունը։
Իսկ սա ընդամենը խոսքեր չեն։ Ադրբեջանը արցախյան պատերազմից հետո ուղղակիորեն քայլեր է իրականացնում հայոց պետականությանը վերջ տալու և Հայաստանը նվաճելու ուղղությամբ։ Մնացած բոլոր խոսակցությունները խաղաղության, համագործակցության և այլնի մասին ուղղակի խոսակցություններ են՝ ժամանակ շահելու և մեր պաշտպանության բնազդը թուլացնելու ճանապարհին։
Եվ այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք հասկանում պետական շահ ասելով։ Պետական շահը իշխանության շահը չէ, ընդդիմության շահը չէ, որևէ քաղաքական ուժի կամ անհատի շահը չէ։ Իշխանությունները փոխվում են, քաղաքական ուժերը գալիս ու գնում են, բայց պետությունը պետք է մնա։ Հետևաբար մեր յուրաքանչյուր քաղաքական որոշում պետք է գնահատվի նրանով, թե այդ որոշման արդյունքում ինչպիսի Հայաստան ենք ունենալու վաղը՝ ավելի՞ սուվերեն և ավելի՞ անվտանգ, թե՞ պետություն, որի փոխարեն իր ապագայի վերաբերյալ որոշումներ են կայացնում ուրիշները։
Պատերազմում պարտությունը դեռևս պետականության կորուստ չէ։ Այն կարող է դառնալ պետականության կորստի սկիզբ, եթե պարտված հասարակությունը կորցնի վերականգնվելու կամքը, իսկ պետությունը՝ սեփական շահերը պաշտպանելու կարողությունը։
Հետևաբար այսօր մեր գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության սուվերենության, անվտանգության և սեփական ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողության պահպանումն է։ Որովհետև անկախությունը միայն դրոշը, զինանշանը կամ միջազգային ճանաչումը չէ։ Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



