«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
POLITICSՍեպտեմբերի 18-20-ն անցկացված ընտրությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը: Հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:
Սա «Եդինայա Ռոսիա»-ի և որևէ քաղաքական ուժի ամենամեծ ցուցանիշն է Պետդումայի գոյության ընթացքում:
Նաև, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում տեղեր են ստացել Ուկրաինայում պատերազմի 46 մասնակիցներ, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:
Ռուսաստանի կոմկուսը ստացել է 37, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը՝ 17 մանդատ: Բացի այդ, միամանդատ ընտրատարածքներից ընտրվել են «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրվածներ:
Ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերից հեռացրել են աննախադեպ թվով՝ 15 դիտորդների, որոնցից 6-ական՝ «Յաբլոկո» կուսակցությունից և կոմկուսից: Բացի այդ՝ դատարանի միջոցով ընտրատեղամասերից հեռացրել են ընտրական հանձնաժողովների 17 անդամների, որոնցից 6-ը՝ կրկին «Յաբլոկո»-ից:
Պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել են ընտրողների 59.8 տոկոսը: Ընտրական գործընթացների փորձագետների կարծիքով, սակայն, այդ ցուցանիշի էական մասը ձեռք է բերվել վարչական ռեսուրսի օգնությամբ, իսկ իրական ակտիվությունը 35-40 տոկոս էր:



