Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան

Սահմանադրական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 15-ի ՍԴՈ-1840 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց ԹՐԻՓՓ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Սակայն որոշումը չի պատասխանում համաձայնագրի սահմանադրականության վերաբերյալ առանցքային հարցերին։ Դատարանն ըստ էության բավարարվել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաշարադրմամբ՝ չհիմնավորելով, թե ինչպես են դրանք համատեղվում Սահմանադրության պահանջների, մասնավորապես՝ խորհրդարանի լիազորությունների և սեփականության իրավունքի երաշխիքների հետ։

Որոշման հիմնական մասը համաձայնագրի նպատակների, դրույթների և Հայաստանի պարտավորությունների շարադրանքն է։ Իսկ սահմանադրական գնահատականը ներկայացված է 12-րդ կետում՝ մեկ ընդհանուր եզրակացությամբ․ պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ինքնիշխան պետության հայեցակարգին և 13-րդ հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության նպատակներին։

Սակայն ծրագրի խաղաղասիրական նպատակները կամ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու մասին դրույթներն ինքնին չեն պատասխանում այլ հարցերի։ Կարո՞ղ է խորհրդարանը համաձայնել օրենսդրական շեղումների, որոնց բովանդակությունը դեռ որոշված չէ։ Կարո՞ղ է պետությունը նախապես պարտավորվել ապահովել հողերի օտարումը, երբ յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին հիմնավորվի դրա սահմանադրական թույլատրելիությունը։

Համաձայնագրի այս երկու հիմնական սահմանադրական խնդիրներին դատարանը պազապես չի անդրադարձել:

Համաձայնություն մի բանի շուրջ, որը դեռ որոշված չէ

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 6-րդ կետով Հայաստանը պարտավորվում է ընդունել շեղումներ իր օրենսդրությունից՝ բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ոլորտներում։ Սակայն չի նշվում՝ կոնկրետ ինչ շեղումներ են նախատեսվում, ինչ շրջանակով և ում համար։

Դրանց բովանդակությունը թողնված է հետագայում կնքվելիք Բաժնետիրական համաձայնագրին և ընկերության կանոնադրությանը։ Բաժնետիրական համաձայնագիրը կարգավորվելու է ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի իրավունքով։ Այդ առևտրային փաստաթղթերը չեն անցնելու միջազգային պայմանագրի համար նախատեսված խորհրդարանական վավերացման և նախնական սահմանադրական ստուգման ընթացակարգերը։

ՍԴ-ն այս պարտավորությունը վերարտադրել է որոշման 6.3-րդ կետում։ Բայց չի պատասխանել գլխավոր հարցին՝ արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է նախապես համաձայնել օրենսդրությունից այնպիսի շեղումների, որոնց բովանդակությունը հետագայում որոշվելու է այլ փաստաթղթերով։

Խնդիրը պարզապես այն չէ, որ որոշ մանրամասներ ճշտվելու են ավելի ուշ։ Խոսքը հենց օրենքից շեղումների բովանդակության մասին է։ Վավերացնելով համաձայնագիրը՝ խորհրդարանը Հայաստանին կկապի միջազգային պարտավորությամբ, իսկ դրա կոնկրետ շրջանակը կհստակեցվի դրանից հետո։ Այդ պահին նախատեսվող շեղումներից հրաժարվելը կարող է արդեն առաջացնել համաձայնագրի խախտման հարց։

Սահմանադրության 116-րդ հոդվածը խորհրդարանին է վերապահում, մասնավորապես, ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսող և օրենքների փոփոխություն պահանջող միջազգային պայմանագրերի վավերացումը։ Այդ լիազորությունը բովանդակային իմաստ ունի միայն այն դեպքում, երբ խորհրդարանը կարող է հասկանալ, թե ինչի է համաձայնում։ ՍԴ որոշումը չի բացատրում, թե ինչպես է այդ պահանջը պահպանվում այս դեպքում։

Թարգմանական տարբերությունները ևս մնացել են չքննարկված

Խնդիրն ավելի են բարդացնում համաձայնագրի հայերեն և անգլերեն տեքստերի տարբերությունները։

Ըստ հայերեն տեքստի Հայաստանը համաձայնում է «բացառություններ նախատեսել … Հայաստանի օրենսդրությամբ»։ Անգլերենում, սակայն, խոսքը Հայաստանի օրենսդրությունից շեղումներ ընդունելու մասին է՝ առանց դրանք օրենքով սահմանելու նույնպիսի հստակ պահանջի։

Նույն կերպ հայերեն տեքստում ասվում է, որ բացառությունները պետք է «նշվեն» առևտրային փաստաթղթերում, իսկ անգլերենում՝ «սահմանվեն»։ Մի դեպքում փաստաթուղթը կարող է պարզապես վերարտադրել արդեն ընդունված կանոնը, մյուս դեպքում՝ որոշել դրա բովանդակությունը։

Այլ տարբերություններ ևս կան։ Օրինակ՝ 4-րդ հոդվածի 4-րդ կետի անգլերեն տեքստում կոնցեսիոն պայմանագիր կնքելու Հայաստանի պարտավորությունը կապվում է ընկերության ծանուցման հետ։ Հայերենում այդ ձևակերպումը բացակայում է։ Իսկ Հայաստանի «վետոն» անգլերենում բաժնետիրոջ իրավունք է, մինչդեռ հայերեն շարադրանքից կարող է թվալ, թե այն Հայաստանին վերապահված է որպես համաձայնագրի կողմ հանդիսացող պետության։

Համաձայնագիրը չի սահմանում, թե լեզվական տարբերությունների դեպքում որ տեքստն է գերակայում։ ՍԴ-ն վերարտադրել է հայերեն ձևակերպումները՝ չքննարկելով այդ տարբերությունների ազդեցությունը Հայաստանի պարտավորությունների ծավալի վրա։

Հաշվի առնելով նախաձեռնության ամերիկյան ծագումն ու տեքստի՝ սկզբնապես անգլերեն կազմված լինելու հանգամանքը՝ այս տարբերությունները, ամենայն հավանականությամբ, թարգմանական սխալների հետևանք են։ Բայց դրանց պատճառը չի վերացնում խնդիրը․ հայերեն տարբերակի ավելի մեղմ ձևակերպումները բավարար հիմք չեն Հայաստանի պարտավորություններն ավելի սահմանափակ համարելու համար։ Առավել ևս, որ երկու տարբերակներում էլ ապագա շեղումների բովանդակությունն անորոշ է։

Հողերի օտարման արդյունքը խոստացվում է նախապես

Երկրորդ հիմնական խնդիրը վերաբերում է ծրագրի իրականացման տարածքների հողերին։ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով Հայաստանը պարտավորվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել, որ այդ հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականություն՝ ազատված ծանրաբեռնվածություններից և երրորդ անձանց իրավունքներից։ Բոլոր ֆինանսական ծախսերը նույնպես կրելու է Հայաստանը։

ՍԴ-ն այս պարտավորությունը վերարտադրել է որոշման 6.11-րդ կետում, սակայն չի քննարկել դրա հարաբերակցությունը սեփականության իրավունքի սահմանադրական պաշտպանության հետ։

Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը հանրության գերակա շահերի համար սեփականության օտարումը թույլատրում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ նախնական ու համարժեք փոխհատուցմամբ։ Հետևաբար յուրաքանչյուր հողամասի դեպքում պետք է իրական հնարավորություն լինի ստուգելու օտարման հիմքերը և, դրանց բացակայության դեպքում, հրաժարվելու օտարումից։

Բայց եթե պետությունը միջազգային համաձայնագրով նախապես պարտավորվել է ապահովել հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերումը և երրորդ անձանց իրավունքների վերացումը, ի՞նչ է տեղի ունենում, երբ կոնկրետ հողամասի օտարումը սահմանադրորեն անթույլատրելի է։ Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել դրանից՝ առանց միջազգային պարտավորությունը խախտելու։

Համաձայնագրում առկա՝ «Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող» միջոցներ ձեռնարկելու պահանջը կարևոր է։ Սակայն ՍԴ-ն պետք է պարզաբաներ՝ արդյոք այդ վերապահումը թույլ է տալիս չապահովել խոստացված արդյունքը, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը դա պահանջում է։ Այդ հարցին որոշումը պատասխան չի տալիս։

Տասնամյակների իրավունքներ՝ հետագայում որոշվելիք ծավալով

Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ընկերությանը 49 տարով տրամադրվում են հողօգտագործման բացառիկ և կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ ու «մյուս բոլոր իրավունքները»։ Դրանց շրջանակը համատեղ որոշելու են կառավարությունն ու ընկերությունը։ Իրավունքները կարող են ամբողջությամբ փոխանցվել հատուկ նշանակության կազմակերպություններին, իսկ դրանց ժամկետը՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել ևս 50 տարով։

ՍԴ-ն այս դրույթը ևս վերարտադրել է՝ որոշման 6.12-րդ կետում։ Բայց չի պարզաբանել, թե պետական թույլտվությունների և այլ իրավունքների շրջանակը որոշելիս որտեղ են ավարտվում կառավարության ու ընկերության պայմանավորվածության հնարավորությունները և սկսվում օրենքով կարգավորման պարտադիր պահանջները։

Նույն կերպ առանց գնահատականի է մնացել Հայաստանի պարտավորությունը՝ կոնցեսիոն կամ այլ համաձայնագիր կնքելու ընկերության հաստատած կազմակերպության հետ։

Այս հարցերի պատասխանը չի կարող լինել միայն այն, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը։ Պետք էր ստուգել, թե կոնկրետ պարտավորություններն ինչպես են համատեղվում պետական մարմինների սահմանադրական լիազորությունների և դրանց իրականացման սահմանների հետ։

ՍԴ որոշումը չի վերացնում տեքստը փոխելու անհրաժեշտությունը

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Այն բացել է համաձայնագրի վավերացման ճանապարհը։ Սակայն որոշման պարտադիր լինելը չի նշանակում, որ այն պատասխանել է համաձայնագրի սահմանադրականության հետ կապված հարցադրումներին։ Դատարանը պարտավոր էր վեր հանել այդ խնդիրները և գնահատել դրանք։ Եթե դատարանը համարում էր, որ խնդրահարույց դրույթները հնարավոր է մեկնաբանել Սահմանադրությանը համապատասխան, ապա պետք է հստակ ամրագրեր այդ մեկնաբանությունը՝ բացառելով դրանց հակասահմանադրական կիրառումը։ Իսկ մեկնաբանությամբ չվերացվող հակասությունները պետք է հիմք դառնային համաձայնագրի` Սահմանադրության հետ անհամապատասխանության մասին որոշման համար։ Որոշման մեջ, սակայն, ո՛չ նման վերլուծություն կա, ո՛չ առավել քան ակնհայտ սահմանադրական  խնդիրները լուծող պարտադիր մեկնաբանություն։ Սահմանադրական դատարանը առնվազն պետք է հստակեցներ, որ՝

  • օրենսդրական շեղումները սահմանվում են Ազգային ժողովի ընդունած օրենքով, իսկ առևտրային փաստաթղթերը կարող են միայն վերարտադրել դրանք,
  • հողերի ձեռքբերման պարտավորությունը չի կանխորոշում որևէ հողամասի հարկադիր օտարումը և չի վերացնում դրանից հրաժարվելու հնարավորությունը, երբ սահմանադրական պայմանները բացակայում են,
  • ընկերությանը տրամադրվող իրավունքները թվարկված են սպառիչ, իսկ պետական թույլտվությունները տրվում են օրենքով սահմանված հիմքերով ու կարգով:

Իհարկե, Սահմանադրական դատարանի դրական որոշումը խորհրդարանին չի պարտադրում վավերացնել համաձայնագիրը ներկայիս տեսքով․ Ազգային ժողովը կարող է մերժել վավերացումը՝ պահանջելով միջազգային իրավուքնով նախատեսված պատշաճ ընթացակարգերով նախ վերանայել խնդրահարույց դրույթները։ Սակայն խորհրդարանում ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում այդ հնարավորությունը մնում է զուտ տեսական։

Վարդան Պողոսյան

 

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game