Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ նշելով, որ նա ԱՄՆ-ի բացահայտ ագրեսիան և պատերազմի հռետորաբանությունը դատապարտելու փոխարեն որոշել է հաճոյանալ Վաշինգտոնին՝ Իրանը «ոչնչացնելու» սպառնալիքը պարզապես որպես «պատերազմի լեզվով խոսել» ներկայացնելով։ Այս մասին Բաղային նշել է X-ի գրառման մեջ։
«Մարկ Քարնին պետք է հասկանա, որ ժամանակն այնքան անողոք է, որ պատրանքի և կեղծավորության ապաստանը չի կարող հավերժ գոյատևել։ Անշուշտ կգա օրը, երբ նրանք, ովքեր ապաստան էին փնտրում ամերիկյան ճնշման երկար ստվերում՝ կարծելով, թե հզորների լեզուն ընդօրինակելով կարող են պաշտպանվել ուժի ճիրաններից, ճշմարտության առաջ մերկ են կանգնելու»,- նշել է նա գրառման մեջ։
Խոսնակը նաև նշել է, որ հանձին Իրանի՝ «նրանք կտեսնեն, որ այն ազգը, որին ժամանակին կայսրությունների հետ դավադրաբար փորձում էին ճնշել, վառ էր պահում բռնաճնշումների դեմ ուղղված ջահը»։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Քարնին հայտարարել էր, որ Իրանը «ժամանակակից աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է», և պնդել, որ այն «գոյաբանական սպառնալիք է ներկայացնում Իսրայելի և նրա դաշնակիցների համար»։
Երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահի ելույթի ընթացքում հնչեցրած մեկնաբանությունների վերաբերյալ հարց է ուղղվել Քարնիին, նա պատասխանել է. «Պատերազմ է ընթանում, և նա խոսում է պատերազմի լեզվով»։



