Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը սեպտեմբերի 23-ից նոր սահմանափակումներ է կիրառում իրանական ավիացիոն ոլորտի նկատմամբ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել իրանական ավիաընկերությունների միջազգային գործունեությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այդ օրվանից «բոլոր իրանական ավիաընկերությունները կփակվեն ամբողջ աշխարհում»՝ զգուշացնելով նաև նրանց սպասարկող ընկերություններին։
Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ավիաընկերություններին, այլև նրանց սպասարկող ենթակառուցվածքին։ Իրանական ինքնաթիռներին վառելիք, վայրէջքի և ցամաքային սպասարկման ծառայություններ կամ տոմսերի վաճառքի ծառայություններ տրամադրող ընկերությունները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ և կորցնել դոլարային ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունը։
ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին արդեն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի բոլոր 27 ավիափոխադրողների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք օգտագործվում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։
Իրանի միջազգային հիմնական ավիափոխադրողներն են «Մահան Էյրը», պետական «Իրան Էյրը» և «Քեշմ Էյրը»։ «Մահան Էյրը» վերջին օրերին դադարեցրել է Ստամբուլ, Անկարա և Մուսկատ թռիչքները։ «Իրան Էյրի» միջազգային ցանցը ևս զգալիորեն կրճատվել է՝ պատժամիջոցների, ինքնաթիռների պակասի և պատերազմի հետևանքով։
2025 թվականին Իրանում օդային տրանսպորտից օգտվել է 46.2 մլն ուղևոր, որոնցից 11.2 մլն-ը միջազգային ուղևորներ են։ Նրանց շուրջ 7.2 մլն-ը սպասարկվել է իրանական ավիաընկերությունների կողմից։
Փորձագետների գնահատմամբ՝ նոր սահմանափակումները կարող են բարձրացնել ավիատոմսերի գները և դժվարացնել իրանցիների միջազգային տեղաշարժը։ Որոշ գնահատականներով՝ իրանական ավիափոխադրումների ծախսերն արդեն զգալիորեն աճել են, իսկ պատժամիջոցները կարող են նաև բարդացնել հին ինքնաթիռների սպասարկումն ու պահեստամասերի ձեռքբերումը։
Միաժամանակ ԱՄՆ-ը չի կարող ինքնուրույն փակել այլ երկրների օդային տարածքը իրանական ինքնաթիռների համար, ուստի փորձում է ճնշում գործադրել դրանց սպասարկող օտարերկրյա ընկերությունների վրա։
Չինաստանն արդեն հայտարարել է, որ դեմ է միջազգային իրավական հիմք չունեցող միակողմանի պատժամիջոցներին։ Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի համար ևս Իրանի հետ օդային կապերը տնտեսական նշանակություն ունեն, ուստի հարց է՝ որքանով նրանք կհետևեն Վաշինգտոնի պահանջներին։
Անի Վարդանյան



