Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին եւ ՖԱՄ նախագահության անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին եւ զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության եւ անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը կարեւորել է գյուղատնտեսության նախարարության եւ ՖԱՄ միջեւ շարունակական համագործակցությունը եւ հանձնարարել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ ներկայացված առաջարկությունները քննարկման առարկա դարձնել նախարարությունում: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՖԱՄ ներկայացուցիչներին մասնագիտական քննարկումներ կազմակերպել արծարծված հարցերի շուրջ եւ կոնկրետ ծրագրեր ներկայացնել կառավարություն:



