Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար
INTERNATIONAL NEWSՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար երկրի ժամանակակից պատմության մեջ ամենակործանարար ջրհեղեղից հետո վերականգնման համար, որը գրեթե 1,400 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնել է The Kathmandu Post թերթը՝ հղում անելով վնասի մասշտաբների վերաբերյալ իշխանությունների զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ծախսերի ենթադրյալ գումարի ամենամեծ մասը՝ 3,1 միլիարդ դոլար, բաժին է ընկնում ենթակառուցվածքներին։ Այն ներառում է ավելի քան 2,56 միլիարդ դոլար՝ էլեկտրացանցերի և վնասված 13 ՀԷԿ-ի վերականգնման, ինչպես նաև ավելի քան 481 միլիոն դոլար՝ ավերված ճանապարհների և կամուրջների նորոգման ու վերակառուցման համար։
Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դհարմա Ռաջ Ուպրետիի խոսքով՝ ծախսերի գնահատումը հիմնված է նախարարությունների, կառավարական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների հավաքագրած տվյալների վրա։
«Սա նախնական գնահատական է»,- նշել է նա՝ հավելելով, որ դրա համար պահանջվել է ջրհեղեղից առաջ և հետո եղած տվյալների համեմատություն։ Փորձագետները նաև անօդաչու թռչող սարքեր են օգտագործել ըստ ոլորտների վնասը գնահատելու համար, հավելել է Ուպրետին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում հզոր հեղեղում է առաջացել։ Տարերային աղետի պատճառ է դարձել Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած ձյունահյուսքը։ Լեռնային ապարների հոսքը հսկայական արագությամբ գետի հունով անցել է ավելի քան 70 կմ՝ ավերելով բնակավայրեր և ջրասույզ անելով մեծ տարածք։ Վերջին տվյալներով՝ անհետ կորած է համարվում ավելի քան 5,000 մարդ, այդ թվում՝ 589 օտարերկրյա քաղաքացի։



