Տղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետո
SOCIETYԻսրայելում 9-ամյա տղայի մոտ ախտորոշվել է հազվագյուտ վարակ՝ կապված Naegleria fowleri ամեոբայի հետ, որը հաճախ անվանում են «ուղեղը ուտող ամեոբա»։
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ ուղեղի բորբոքումով։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, քնեցված է և միացված է արհեստական շնչառության սարքին։
Համաճարակաբանական նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղան հիվանդանալուց մոտ մեկ շաբաթ առաջ լողացել է Քիներեթ լճում՝ Կուրսի լողափի հատվածում։ Լաբորատոր հետազոտությունները հաստատել են Naegleria fowleri-ով վարակը։
Naegleria fowleri-ն հիմնականում հանդիպում է տաք քաղցրահամ ջրերում։ Վարակը կարող է առաջանալ, երբ ամեոբա պարունակող ջուրը քթի միջոցով ներթափանցում է օրգանիզմ։ Այն չի փոխանցվում մարդուց մարդուն և չի առաջանում ջուր խմելու հետևանքով։
Իսրայելի առողջապահության նախարարությունը նշել է, որ հիվանդությունը չափազանց հազվադեպ է, սակայն կարող է արագ զարգանալ և ծանր հետևանքներ ունենալ։ Նախարարությունը լողալու ժամանակ խորհուրդ է տալիս հնարավորինս թույլ չտալ ջրի ներթափանցումը քթի մեջ, այդ թվում՝ օգտագործելով քթի սեղմակ։
Past.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելում սա Naegleria fowleri-ով վարակման վերջին տարիների հազվադեպ դեպքերից մեկն է։ Երեխայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։



