Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ
INTERNATIONAL NEWSՄեկ մարդ է զոհվել Դելիի հարավ-արևմուտքում գտնվող Սաթյա-Նիկետան շրջանում տղամարդկանց ուսանողական հանրակացարանի հինգհարկանի շենքի փլուզման հետևանքով։ Նախնական տվյալներով, փլատակների տակ կարող են գտնվել մոտ 40–50 ուսանող, փրկարարական գործողությունը շարունակվում է, հայտնում է Hindustan Times-ը։
Շենքը փլուզվել է կիրակի օրը՝ մոտ 13:30-ին։ Տեղի բնակիչների վկայությամբ, այդ պահին բնակիչների մեծ մասը ներսում էր, քանի որ հանգստյան օր էր։ Փրկարարներն արդեն փլատակների տակից դուրս են բերել մի քանի մարդու և տեղափոխել հիվանդանոցներ։ Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի վայրում աշխատում են Հնդկաստանի Արտակարգ իրավիճակներին արձագանքման ազգային ուժերի (NDRF), Դելիի հրշեջ ծառայության, ոստիկանության, քաղաքային ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները։ Իշխանությունները նշել են, որ գործողությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով։
Ոստիկանությունը փլուզման մասին ահազանգը ստացել է մոտ 13:34-ին։ Շենքում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը դեռևս ճշտվում է։ Ականատեսները պատմել են, որ որոշ ուսանողներ կարող էին արգելափակված մնալ իրենց սենյակներում՝ փլատակների տակ։
«Hostel Daze» անունով հայտնի շենքը գտնվում էր մի շրջանում, որտեղ տեղակայված են Դելիի համալսարանի ուսանողների համար նախատեսված բազմաթիվ մասնավոր հանրակացարաններ։
Նախնական տեղեկություններով, փլուզումից քիչ առաջ շենքի նկուղային հատվածում աշխատանքներ էին իրականացվում։ Շենքի ավերման հանգամանքներն ու հնարավոր պատճառները հետաքննվում են։



