Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակ
ECONOMICSՕրերս հրապարակված «Առնիկա» չեխական հասարակական կազմակերպության հերթական զեկույցը վերաբերում է Սյունիքի մի շարք բնակավայրերում իրականացված ուսումնասիրություններին։ Կազմակերպությունն ու իր տեղացի գործընկերները նախորդ տարի Քաջարանում, Աճանանում և հարակից տարածքներում նմուշներ էին վերցրել, իսկ այժմ ներկայացրել են դրանց արդյունքները՝ «Ծանր մետաղներ մարդկանց օրգանիզմում», «Մկնդեղ՝ երեխաների օրգանիզմում», «Պղինձ փոշու մեջ» և այլ տագնապալի վերնագրերով։
Past.am-ը ուսումնասիրել է հրապարակված տվյալները՝ դրանք համադրելով բաց աղբյուրների տեղեկատվության և մասնագիտական դիտարկումների հետ։ Ուսումնասիրության շրջանակում Սյունիքի յոթ տարբեր վայրերից վերցվել է ընդամենը 20 բնապահպանական նմուշ՝ 15 փոշու, 4 նստվածքի և 1 հողի նմուշ, ինչպես նաև 62 մարդու մեզի անալիզ։ Քաջարանում, մասնավորապես, արձանագրվել են պղնձի որոշակի բարձր ցուցանիշներ, որոնք համեմատվել են Կանադայի սահմանային արժեքների հետ։
Մասնագետների հիմնական հարցն այն է, թե որքանով է հնարավոր մի քանի փողոցներից կամ ճանապարհամերձ հատվածներից վերցված սահմանափակ թվով նմուշների հիման վրա գնահատել ամբողջ քաղաքի վիճակը։ Քաջարանում գործող հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները պարբերաբար ներկայացնում են օդի մշտադիտարկման արդյունքները, որոնց համաձայն՝ Քաջարանի օդի ցուցանիշները անգամ Երևանի համեմատությամբ ավելի բարենպաստ են։
Կարևոր է նաև տարբերակել ճանապարհամերձ հողում կամ գետնին նստած փոշու մեջ մետաղի առկայությունը և օդում կախված այն մասնիկները, որոնք կարող են ներթափանցել մարդու շնչառական համակարգ։ Միայն հողի կամ նստած փոշու նմուշում պղնձի առկայությունը դեռևս չի նշանակում, որ բնակիչները նույն նյութը մշտապես շնչում են։
Զեկույցի ամենատագնապալի հատվածներից մեկը վերաբերում է երեխաների օրգանիզմում հայտնաբերված մկնդեղին և բնակիչների մոտ արձանագրված մոլիբդենին։ Սակայն ուսումնասիրության ներկայացման ժամանակ անգամ կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ հայտնաբերված մետաղի աղբյուրը հստակ հայտնի չէ։
Մասնագիտական մոտեցումների համաձայն՝ մեզում ընդհանուր մկնդեղի ցուցանիշը ինքնին բավարար չէ թունավոր ազդեցություն արձանագրելու համար։ Անհրաժեշտ է տարբերակել մկնդեղի տարբեր քիմիական ձևերը, քանի որ օրգանական մկնդեղ կարող է օրգանիզմ ներթափանցել սովորական սննդի՝ մասնավորապես ձկնեղենի, բրնձի և ջրի միջոցով և օրգանիզմից դուրս գալ մեզի միջոցով։ Հետևաբար մեկ ընդհանուր ցուցանիշը որպես թունավորման ապացույց ներկայացնելը կարող է սխալ պատկեր ստեղծել։ Բացի այդ, մեկանգամյա մեզի անալիզը հիմնականում արտացոլում է վերջին օրերի ազդեցությունը և ինքնուրույն չի կարող ապացուցել տարիների քրոնիկ ազդեցություն։
Ուշագրավ է նաև, որ հենց «Առնիկայի» ներկայացրած տվյալներով՝ Քաջարանից վերցված նմուշներում հայտնաբերված հինգ մետաղներից, մկնդեղից բացի, մյուսների ցուցանիշները չեն գերազանցել Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից արդյունաբերական հողերի համար սահմանված 2,4 մգ/կգ շեմը։
Զեկույցում անդրադարձ կա նաև Աճանան գյուղին, որը գտնվում է Արծվանիկի պոչամբարից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Սակայն միայն տարածքային մոտ լինելը դեռ չի ապացուցում աղտոտման փաստը։ Դրա համար անհրաժեշտ են տվյալներ քամու ուղղության, ռելիեֆի, մասնիկների տարածման և կոնկրետ օբյեկտների վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ Եթե պնդվում է, որ պոչամբարի փոշին հասնում է դպրոց, բնակելի տարածքներ կամ գյուղմթերք, անհրաժեշտ են նաև համապատասխան լաբորատոր հետազոտություններ։ Նման տվյալներ զեկույցում ներկայացված չեն։
Միաժամանակ հարց է առաջանում՝ ինչու չեն համադրվել ուսումնասիրության արդյունքները Սյունիքում գործող խոշոր ընկերությունների և պետական մարմինների տարիների մշտադիտարկման տվյալների հետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարածաշրջանի խոշորագույն հարկատուներից է, ամեն տարի հրապարակում է Կայուն զարգացման հաշվետվություն՝ ներառելով շրջակա միջավայրի մշտադիտարկման տվյալներ։ ԶՊՄԿ-ից հայտնել են, որ կազմակերպության իրականացրած ուսումնասիրության մասին իրենք տեղեկացել են միայն ամիսներ անց՝ լրատվամիջոցների հրապարակումներից։
Հարցեր են առաջանում նաև նմուշների վերցման, պահպանման և տեղափոխման գործընթացի վերաբերյալ։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք կազմակերպությունն ունի համապատասխան իրավասություններ բնապահպանական և կենսաբանական նմուշներ վերցնելու և դրանք արտերկրում հետազոտելու համար, ինչպես են պահպանվել նմուշները, ինչ պայմաններում են տեղափոխվել և արդյոք պահպանվել են կենսաբանական նմուշների հետ աշխատանքի անհրաժեշտ պահանջները։
Սյունիքի բնակիչների անվտանգ և մաքուր միջավայրում ապրելու իրավունքը կասկածի տակ դնել չի կարելի, և շրջակա միջավայրի վերաբերյալ ցանկացած ահազանգ պետք է ստանա մասնագիտական գնահատական։ Սակայն նման գնահատականը պետք է հիմնված լինի մեծ և ներկայացուցչական ընտրանքի, տարվա տարբեր եղանակներին իրականացվող չափումների, օդում կախված փոշու ուսումնասիրության, կենսաբանական նմուշների խորքային լաբորատոր հետազոտության և անկախ պետական-գիտական վերահսկողության վրա։
Մինչ նման ամբողջական ուսումնասիրություն չիրականացվի, առանձին նմուշների հիման վրա արված բարձրագոչ եզրահանգումները չեն կարող ամբողջությամբ ներկայացնել Սյունիքի բնակավայրերի բնապահպանական վիճակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



