Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ
SOCIETYԱշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշի՝ Academic Ranking of World Universities (ARWU)-ի առաջին 50 հորիզոնականներում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիների համար Հայաստանում գործում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հնարավորություն։
Past.am-ի փոխանցմամբ՝ համապատասխան կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշմամբ։
Համաձայն կարգավորման՝ քաղաքացիներին կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում՝ աշխարհի լավագույն 50 բուհերից մեկում բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված, մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելու համար։
Սակայն բանակից վերջնականապես ազատվելու համար անհրաժեշտ է կատարել սահմանված պայմանը․ ուսումը ավարտելուց հետո քաղաքացին պետք է առնվազն երեք տարի աշխատի Հայաստանում՝ սահմանված ոլորտներից մեկում։
Պահանջը կատարելու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Ո՞ր ոլորտներում պետք է աշխատել
Ծրագրի շրջանակում աշխատանքը պետք է իրականացվի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկում։
Դրանք են՝
- Հանրային կառավարում՝ աշխատանք ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, վարչապետի աշխատակազմում, կառավարությանն ու պետական մարմիններին ենթակա կառույցներում, Ազգային ժողովում, դատական իշխանության և ինքնավար պետական մարմիններում։
- Կրթություն և գիտություն՝ ՀՀ-ում գործող գիտական կազմակերպություններում և օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական հաստատություններում։
- Ռազմարդյունաբերություն՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի կողմից հաստատված համապատասխան կազմակերպություններում։
- Բարձր տեխնոլոգիաներ՝ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կազմակերպություններում։
- Առողջապահություն՝ Առողջապահության նախարարի կողմից հաստատված կազմակերպություններում։
- Ֆինանսական ոլորտ՝ Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան որոշմամբ հաստատված կազմակերպություններում։
Այսպիսով, մեխանիզմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում, ապա մասնագիտական գիտելիքն ու ներուժը կիրառել Հայաստանում՝ դրա դիմաց կատարելով սահմանված երեք տարվա աշխատանքային պարտավորությունը։
Ե՞րբ պետք է դիմել տարկետման համար
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ սահմանված ժամկետներում։
Դիմումները ներկայացվում են ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Past.am-ը հայտնում է, որ կարգավորման հիմնական նպատակն է խրախուսել քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար համալսարաններում և հետագայում ձեռք բերած գիտելիքն ու մասնագիտական ներուժը ծառայեցնել Հայաստանի զարգացմանը՝ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։



