Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածուն
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին լրատվական դաշտում տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեսպանի պաշտոնի համար այս պահին քննարկվում են մի քանի թեկնածություններ, սակայն ամենահավանական տարբերակը համարվում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի նշանակումը։ Ըստ տեղեկությունների՝ այդ տարբերակին առավել հակված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Մնացական Սաֆարյանը, ի թիվս այլ ուղղությունների, համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի՝ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ հարաբերությունների ուղղությունը։ Ասվում է, որ նա աշխատանքային կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական շրջանակների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Սաֆարյանի պատասխանատվության շրջանակում է նաև բազմակողմ դիվանագիտության ուղղությունը։ Վերջին շրջանում նա ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային քննարկումներում, այդ թվում՝ «Բազմակողմ ուղիներ. կարգի վերականգնում թուլացող բազմակողմ համակարգում» խորագրով պանելային քննարկմանը։
Սաֆարյանը մասնակցել է նաև Դուբրովնիկիի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև. բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը։
Past.am-ի տեղեկություններով՝ այս հանգամանքները ևս կարող են դիտարկվել որպես այն գործոններից մեկը, որի հիման վրա Մնացական Սաֆարյանի թեկնածությունը քննարկվում է Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար։ Սակայն այս պահին նրա հնարավոր նշանակման վերաբերյալ պաշտոնական որոշում չկա։
Միաժամանակ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնի համար ունի նաև նոր թեկնածու։ Թե ում մասին է խոսքը, աղբյուրը դեռևս չի մանրամասնել։
Թե ինչ վերջնական որոշում կկայացվի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի և ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնների վերաբերյալ, առայժմ հայտնի չէ։ Past.am-ը կհետևի զարգացումներին և կներկայացնի նոր մանրամասները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



