«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալիշկայի «ուրվականը» այս անգամ հայտնվել է Ագարակաձոր գյուղում։ Գիշերային ժամերին բնակիչներին անհանգստացնող դիմակավորված տղամարդու հայտնվելու մասին տեղեկությունը MediaHub-ին փոխանցել է Ագարակաձորի վարչական ղեկավար Վիգեն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ տղամարդը գյուղում հայտնվել է երկու օր առաջ։ «Նա դիմակավորված է եղել, մոտեցել է տներին, քարերով հարվածել դռներին ու պատուհաններին, ապա արագ հեռացել։ Տեսախցիկները ֆիքսել են նրան։ Տեսագրությունների նախնական ուսումնասիրությամբ՝ տղամարդը միայնակ է գործել»,֊ասաց Ալեքսանյանը։ Նույն պատկերն արձանագրվել էր նաև Մալիշկայում, որտեղ այսպես կոչված «ուրվականը» շաբաթներ շարունակ անհանգստացնում էր գյուղացիներին»։
Ագարակաձորի բնակիչներից մեկը ևս պատմել է, որ գիշերը հեռավորության վրա հանդիպել է դիմակավորված տղամարդուն։ Գյուղացու խոսքով՝ նա լույս է ուղղել մարդկանց աչքերին, ապա փախել։
Ագարակաձորի վարչական ղեկավար Վիգեն Ալեքսանյանը չի բացառել, որ տղամարդը կարող է հոգեկան խնդիրներ ունենալ, սակայն միաժամանակ ընդգծել է՝ որևէ վարկած այս պահին բացառել հնարավոր չէ և կատարվածի վերաբերյալ վերջնական գնահատականներ չկան։
Դիմակավորված տղամարդուն հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Սակայն այս պահի դրությամբ տղամարդուն հայտնաբերելու կամ դեպքերը բացահայտելու վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չկա։
Հիշեցնենք՝ Մալիշկայում հայտնված խորհրդավոր դիմակավորված տղամարդու մասին տեղեկությունները վերջին շրջանում լայն տարածում էին ստացել։ Գյուղացիները պատմում էին գիշերային տարօրինակ դեպքերի մասին, սակայն նրա ինքնությունն ու գործողությունների պատճառները մինչ օրս չեն պարզվել։
Այժմ նույնատիպ դեպքերի մասին ահազանգ է ստացվել արդեն Ագարակաձորից։
Հետևեք մեզ՝ այստեղ



