Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե հասարակության մեջ սկսում է ձևավորվել այն ընկալումը, որ բռնությունը, ինքնադատաստանը, ուժի կիրառումը կամ քրեական ենթամշակույթի կանոններով հարաբերությունների կարգավորումը դառնում են ավելի հաճախ հանդիպող երևույթներ, ապա խնդիրը դուրս է գալիս պարզապես վիճակագրական ցուցանիշների շրջանակից և վերածվում է պետական կառավարման, հասարակական համերաշխության և իրավական մշակույթի ճգնաժամի։

Վերջին տարիներին հրապարակվող պաշտոնական տվյալներն ու հանրային ուշադրության կենտրոնում հայտնված բազմաթիվ դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում հանցագործությունների աճի վերաբերյալ մտահոգությունները շարունակվում են։ Թեև առանձին տարիների ցուցանիշների փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նաև հաշվառման մեթոդաբանությամբ, հաղորդումների ակտիվացմամբ կամ իրավապահ մարմինների գրանցման պրակտիկայով, այնուամենայնիվ, հասարակության մեջ անվտանգության ընկալումը չի որոշվում միայն թվերով։ Այն ձևավորվում է այնպիսի միջադեպերով, որոնք լայն արձագանք են ստանում, մարդկանց առօրյա փորձով, ինչպես նաև այն վստահությամբ, որ քաղաքացին ունի պետության նկատմամբ։

Եթե քաղաքացին սկսում է զգալ, որ ցանկացած կենցաղային վեճ կարող է վերածվել ծանր բռնության, եթե հասարակական վայրերում զենքի կիրառման մասին լուրերը դառնում են հաճախակի քննարկման առարկա, ապա, անկախ վիճակագրական մեկնաբանություններից, ձևավորվում է անվստահության և անապահովության մթնոլորտ։

Հանցավորության աճի պատճառները հնարավոր չէ բացատրել մեկ գործոնով։ Դրանք փոխկապակցված են և միմյանց վրա ազդող բազմաթիվ գործընթացների արդյունք են։ Սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակում են մնալ ամենակարևոր նախադրյալներից մեկը։ Գործազրկությունը, եկամուտների անհավասար բաշխվածությունը, աղքատությունը, սոցիալական շարժունակության սահմանափակ հնարավորությունները և կյանքի որակի նկատմամբ դժգոհությունը ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ որոշ մարդիկ կարող են հանցավոր վարքագիծը դիտարկել որպես խնդիրների լուծման միջոց։ Իհարկե, աղքատությունն ինքնին չի ծնում հանցագործություն, քանի որ բազմաթիվ մարդիկ դժվար սոցիալական պայմաններում ապրելով հանդերձ՝ երբեք օրենք չեն խախտում։ Սակայն սոցիալական ծանր վիճակը, հատկապես եթե ուղեկցվում է հուսահատությամբ, անարդարության զգացողությամբ և ապագայի նկատմամբ անվստահությամբ, կարող է մեծացնել հանցավորության ռիսկերը։

Սակայն տնտեսական գործոնները չեն կարող ամբողջությամբ բացատրել այն իրավիճակները, երբ առօրյա վեճերը վերածվում են ծանր բռնությունների կամ նույնիսկ սպանությունների։ Այստեղ արդեն մեծ դեր ունեն հասարակության ներսում ձևավորված արժեքային փոփոխությունները։ Վերջին տարիներին հաճախ կարելի է նկատել փոխադարձ անհանդուրժողականության, ագրեսիվ խոսույթի, զիջելու մշակույթի թուլացման և հասարակական բևեռացման դրսևորումներ։ Երբ հասարակության մեջ տարածվում է այն մտածելակերպը, որ ցանկացած անհամաձայնություն պետք է հաղթահարվի ուժի, նվաստացման կամ հակառակորդին ամբողջությամբ ոչնչացնելու միջոցով, այդ մոտեցումը աստիճանաբար ներթափանցում է նաև առօրյա հարաբերությունների մեջ։ Արդյունքում նույնիսկ կենցաղային, ճանապարհային կամ անձնական բնույթի աննշան վեճերը կարող են արագ վերածվել անկառավարելի բախումների։

Այս ամենն արդյունք է նաև այն ատելության դոզայի, որ իշխանությունները սրսկել են հանրային ու քաղաքական դաշտում՝ 2018 թվականից հետո։ Ու դրա արդյունքում էլ քաղաքական դաշտում հանդիպում ենք ծայրահեղ անհանդուրժողականության և բացահայտ թշնամանքի դրսևորումների, իշխանության ներկայացուցիչների կողմից փողոցային բառապաշարի, ինչն էլ պրոյեկտվում է հասարակության շրջանում։ Հանրային հարաբերություններում փոխադարձ հարգանքի և իրավական մշակույթի թուլացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Օրենքի գերակայության գաղափարը չի սահմանափակվում միայն դատարանների կամ ոստիկանության գործունեությամբ։ Այն նախևառաջ հասարակության ներսում ձևավորված համոզմունք է, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի իրավական ճանապարհով, այլ ոչ թե անձնական հաշվեհարդարի, ուժի կամ սպառնալիքի միջոցով։ Եթե քաղաքացին սկսում է հավատալ, որ իր խնդիրները հնարավոր չէ լուծել իրավական մեխանիզմներով, կամ որ դրանք չափազանց դանդաղ ու անարդյունավետ են, ապա մեծանում է ինքնադատաստանի կամ ոչ ֆորմալ մեխանիզմների կիրառման վտանգը։ Այդպիսի պայմաններում քրեական ենթամշակույթը կարող է շարունակել պահպանել իր ազդեցությունը՝ առաջարկելով սեփական «կանոնները», որոնք հակասում են օրենքի գերակայության սկզբունքներին։

Առանձնահատուկ մտահոգության առարկա են դարձել զենքի կիրառմամբ հանցագործությունները։ Հասարակության մեջ գնալով ձևավորվում է այն պատկերացումը, որ բռնության գործիքների կիրառումը դարձել է ավելի հասանելի կամ ավելի ընդունելի որոշ անձանց համար։ Սա վտանգավոր միտում է, քանի որ զենքի առկայությունը ցանկացած կոնֆլիկտի դեպքում բազմապատկում է ողբերգական ավարտի հավանականությունը։ Այն, ինչ նախկինում կարող էր ավարտվել բանավոր վեճով կամ թեթև մարմնական վնասվածքով, կարող է վերածվել սպանության կամ ծանր վնասվածքների։

Հանցավորության կանխարգելման հարցում առանցքային դեր ունեն պետական ինստիտուտները՝ հատկապես իրավապահ մարմինները։ Ժամանակակից քրեագիտական մոտեցումները ցույց են տալիս, որ արդյունավետ իրավապահ համակարգը պետք է ոչ միայն բացահայտի արդեն կատարված հանցագործությունները, այլև կանխի դրանց առաջացումը։ Կանխարգելումը ներառում է համայնքների հետ աշխատանք, ռիսկային խմբերի վաղ հայտնաբերում, կրթական ծրագրեր, հասարակության հետ վստահելի համագործակցություն, օպերատիվ արձագանք և իրավական կրթության բարձրացում։ Եթե այս բաղադրիչները բավարար չափով չեն գործում, ապա նույնիսկ ամենախիստ պատիժները չեն կարող երկարաժամկետ նվազեցնել հանցավորությունը։

Սակայն մեր իրականության մեջ իրավապահ մարմինները չափազանց մեծ ռեսուրսներ են հատկացնում քաղաքական բնույթի գործընթացներին՝ ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների կամ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին, մինչդեռ հանրային անվտանգության ապահովման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ակնկալվող արդյունավետությունը բավարար չէ։ Այսպիսի ընկալումները, անկախ դրանց իրավական գնահատականից, բացասաբար են անդրադառնում իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության վրա։ Իսկ վստահությունը իրավապահ համակարգի ամենակարևոր ռեսուրսներից մեկն է, որովհետև քաղաքացիները շատ ավելի պատրաստակամ են համագործակցել այն մարմինների հետ, որոնց համարում են քաղաքականապես չեզոք, պրոֆեսիոնալ և բացառապես օրենքով առաջնորդվող։ Եթե հասարակության մեջ ձևավորվում է համոզմունք, որ պետական ինստիտուտները հավասարապես չեն պաշտպանում բոլոր քաղաքացիների իրավունքները, ապա իրավական պետության նկատմամբ վստահությունը թուլանում է։

Այդ պայմաններում մարդիկ հաճախ հրաժարվում են իրավական ճանապարհով լուծել իրենց խնդիրները կամ չեն հավատում, որ արդարադատությունը կվերականգնվի։ Սա կարող է ստեղծել փակ շրջան, որտեղ վստահության անկումը նպաստում է օրենքի նկատմամբ հարգանքի նվազմանը, իսկ վերջինս՝ նոր հանցագործությունների առաջացմանը։

Հանցավորության խնդիրը նաև մշակութային և կրթական հարթություն ունի։ Երեխաների և երիտասարդների դաստիարակության մեջ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ընտանիքը և դպրոցը, այլև հանրային խոսույթը, սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և հանրային հեղինակությունները։ Եթե ագրեսիվ վարքագիծը, վիրավորանքը, նվաստացումը կամ ուժի պաշտամունքը հաճախ ներկայացվում են որպես հաջողության կամ հեղինակության միջոց, ապա դրանք աստիճանաբար կարող են ազդել վարքագծային նորմերի վրա։ Հետևաբար հանցավորության դեմ պայքարը պետք է ներառի նաև կրթական, մշակութային և հանրային հաղորդակցության քաղաքականություն, որը կխրախուսի իրավական գիտակցությունը, փոխադարձ հարգանքը, երկխոսությունը և խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծումը։

Հասարակական համերաշխության վերականգնումը ևս կարևոր նախապայման է։ Բևեռացված հասարակություններում անհանդուրժողականությունը հաճախ դառնում է ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական հարաբերությունների բաղկացուցիչ մասը։ Երբ մարդիկ սկսում են միմյանց դիտարկել ոչ թե որպես նույն հասարակության անդամներ, այլ որպես հակառակ ճամբարների ներկայացուցիչներ, նվազում է փոխզիջման պատրաստակամությունը։ Այսպիսի միջավայրում նույնիսկ անձնական կոնֆլիկտները կարող են ավելի արագ սրվել, որովհետև դրանց վրա ազդում են արդեն գոյություն ունեցող ընդհանուր լարվածությունն ու փոխադարձ անվստահությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026