Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու»
POLITICSՄոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղաքական բռնապետության զոհ դարձած հայ քաղբանտարկյալների: Հայ համայնքի ղեկավարներին էին միացել ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչները, համայնքի մտավորականներն ու արվեստագետները:
Նպատակը մեկն էր. հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող մարդիկ անհանգիստ են Հայաստանում տիրող բարքերի համար: Մասնակիցների պնդմամբ՝ Հայաստանում այսօր բռնապետությունն այն աստիճանի է հասել, որ հակաիշխանական ցանկացած խոսք բանտարկվում է: Երեկվա հավաքի մասնակիցները բարձրաձայնում էին քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Բագրատ Սրբազանի և Արմեն Աշոտյանի խնդիրները:
ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են կազմակերպել հավաքը և ինչ նպատակ է այն հետապնդում, նշեց.
«Եկեղեցում հավաքված մեր հայրենակիցները մոմավառությամբ փորձում են հարգել և իրենց բողոքի խոսքն ուղղել Հայաստանի իշխանությունների այս բռնակալական և դավադիր պլանի դեմ, որն ուղղված է Հայաստանի ընդդիմադիր օջախների վերացմանը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ի կատար ածել և ավարտին հասցնել իրենց ծրագրերը: Շատ ցավալի է, որ այս ամենը կատարվում է մեր ժողովրդի անտարբեր հայացքների ներքո, ու դա վախեցնող է»:
Անդրադառնալով Հայաստանում հնչող այն տեսակետներին, թե ՌԴ հայերը չպետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին, Ներսես Ներսեսյանն ընդգծեց, որ դա հակահայկական քարոզչություն է.
«Դա քարոզչություն է, որը տարածվում է թուրքական և թուրքահեն զանգվածների կողմից: Այն ուղղված է մի հսկա համայնքի դեմ, որն իրենից ուժ է ներկայացնում և վտանգ է թուրքական քարոզչական մեխանիզմին: Նրանք փորձում են ամեն գնով սեպ խրել Սփյուռք-Հայաստան կապի մեջ: Գաղտնիք չէ, որ Սփյուռքը միշտ է սպառնալիք եղել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Իսկ Սփյուռքում չգնահատել ՌԴ համայնքի դերը՝ անհնար է. այստեղ հայապահպանության համար կատարվող հսկայածավալ աշխատանքները ուղղված են մի նպատակի, որ հայրենիքից դուրս հայրենիք ձգվող արմատները միշտ ամուր լինեն»:
Խոսելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության և դրան համայնքի մոտեցման մասին՝ գրասենյակի ղեկավարը նշեց, որ տեղի ունեցածը մի քանի նախապայման ունի.
«Առաջինը դա Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն է, որն ավելի է սրվել վերջին շրջանում, հատկապես ընտրություններից հետո, երբ իրեն խոստացել էին 65 տոկոս, բայց նա նույնիսկ 50 տոկոս չհավաքեց: Մի կերպ թվերը նկարելուց հետո թույլ օղակ դարձավ Գագիկ Ծառուկյանը, որից էլ իր վրեժն է փորձում առնել Նիկոլ Փաշինյանը: Ամեն դեպքում, ընդդիմության դեմ ուղղված այս քայլերը մի նպատակ ունեն՝ իշխանությունները փորձում են ամեն գնով պահպանել իրենց աթոռները»:
Եկեղեցու բակում հավաքված մարդիկ խմբերով քննարկումներ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում տիրող իրավիճակից. տարեց տղամարդկանցից մեկն էլ անդադար վանկարկում էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:
Երեկ իրենց դժգոհության ձայնն էին բարձրացնում հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ցավով ապրող հայերը, ովքեր հիմա մեկ այլ ճակատով էլ են կռվում՝ սեփական երկրում օտար չդիտարկվելու համար:
Նյութը՝ Արմինե Մելքոնյանի



