Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկու պատկեր միանգամից ուշադրություն գրավեցին երեկվա լրահոսում. «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող փակված ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները և այդ ամենի խորապատկերում՝ «շվեդական քայլքի» ձողերով, արշավականի համազգեստով տավուշյան սարուձորերում «դեգերող» Նիկոլ Փաշինյանը:
Այսինքն՝ Փաշինյանն իր «սև գործն» արել է, «իրավապահ համակարգին» հրահանգները տվել է, ու... գնացել է արձակուրդը վայելելու՝ մինչև ամսվա վերջ:
Տեսեք, իր՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով միանգամից 1-2 օրվա մեջ մի քանի տասնյակ ընկերություններ, ձեռնարկություններ են փակվել: Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող ընկերությունների մասին է: Տարբեր հաշվարկներով՝ մոտ 7000 մարդ մնացել է անգործ: Եթե այդ աշխատողների ընտանիքներն էլ նկատի ունենանք, խոսքը մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին է:
Այսինքն, այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ կոմունալ վճարները մուծելու խնդրի առաջ կարող են կանգնել: Մի առավոտ արթնացել են ու իմացել, որ իրենց գործազրկել են: Ու խոսքը սովորական, պարզ, աշխատավոր մարդկանց մասին է: Դեռ չենք ասում, որ իշխանության այդ գործունեության հետևանքով տուժել են նաև բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք փակված ընկերությունների հետ աշխատանքային պայմանավորվածություններ ունեն: Այսինքն՝ իրականում տուժածներն ավելի շատ են:
Դրան գումարած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը վերջնականապես փչացրել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ գյուղացիներ, հողագործներ, բեռնափոխադրողներ, ահռելի վնասներ են կրում, անորոշ վիճակի մեջ են հայտնվել:
Իսկ ինքը՝ այդ ամենի գլխավոր հեղինակը, զբոսնում է սարերում ու անտառներում: Այ, կհանգստանա և մյուս ամսվա սկզբին կվերադառնա աշխատավայր ու արդեն նոր թափով, նոր եռանդով կսկսի բռնել, գործազրկել, փակել, «պետականացնել»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



