«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում տնային հանդիպում անցկացրեց ղազախական «Ելիմայի» հետ: Երևանում կայացած լարված ու համառ պայքարում հաղթողը չորոշվեց. գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:
Հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ հանդիպման 60-րդ րոպեին (Արսեն Աշիրբեկ), սակայն երևանյան ակումբը ցույց տվեց իր կամային հատկանիշները։ Խաղավերջին մոտ՝ 86-րդ րոպեին, հայկական թիմը խփեց պատասխան գնդակը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը և պահպանելով հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ պատասխան խաղից առաջ։
Մրցակցի գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը խաղից հետո մեկնաբանել է դիմակայությունը՝ նշելով, որ «Ալաշկերտի» դեմ հանդիպումը բարդ ստացվեց, իսկ վերջնամասում բաց թողած գոլը փոխեց իրավիճակը.
«Բավականին բարդ և, ընդհանուր առմամբ, հավասար հանդիպում ստացվեց։ Կարծում եմ՝ երկրպագուների համար հետաքրքիր խաղ էր։ Մենք ունեինք մեր խաղային պլանը և մեծամասամբ իրագործեցինք այն։ Ցավոք, վերջնամասում գոլ բաց թողեցինք, ինչը բոլորովին մեր ծրագրերի մեջ չէր մտնում: Բայց սա ֆուտբոլ է, և հասկանալի է, որ ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում՝ մեր հարկի տակ»,-Կարպովիչի խոսքերն է մեջբերում Sports.kz-ն։
Մասնագետն ընդգծել է, որ սա իրենց թիմի նորամուտն էր եվրագավաթներում, ուստի դրսում գրանցած ոչ-ոքին նրանք ևս համարում են ընդունելի արդյունք.
«Այս արդյունքը կարելի է դրական համարել մեզ համար, թեև միշտ ավելին ես ցանկանում։ Խաղադաշտում գրանցված հաշիվը տրամաբանական էր և արտացոլում էր խաղի պատկերը։ Ինչպես արդեն ասացի՝ տնային հանդիպումը որոշիչ է լինելու երկու թիմերի համար էլ։ Մեկ շաբաթից կհանդիպենք կրկին»,- հավելել է ղազախական ակումբի գլխավոր մարզիչը՝ շնորհակալություն հայտնելով նաև Հայաստան ժամանած իրենց երկրպագուներին:
Հիշեցնենք, որ «Ելիմայ»-«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Ղազախստանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



